ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը զերծ է մնացել Վրաստանի խորհրդարանի` Վրաստանի տարածքով ռուսական ռազմական բեռների ու անձնակազմի տարանցման պայմանագիրը չերկարացնելու վերաբերյալ որոշումը մեկնաբանելուց:
Պատասխանելով news.am լրատվական կայքի հարցին, թե արդյոք այդ որոշումը չի ազդի ՀՀ զինված ուժերի մարտունակության և ռազմական բեռների մատակարարումների վրա, Կարապետյանն ասել է.
«Այդ որոշումը չի հանգեցնի Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխության և որևէ կերպ չի կարող անդրադառնալ ՀՀ զինված ուժերի մարտունակությանը»:
Ռուսաստանցի առաջատար ռազմական փորձագետներից մեկը` Ալեքսանդր Գոլցը, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում մեկնաբանելով վրացական կողմի այս նախաձեռնությունը` ասել է. «Ակնհայտ է, որ այս քայլի նպատակը դեպի Գյումրիի ռազմակայան անձնակազմի և ռազմական տեխնիկայի տեղափոխումը դժվարացնելն է: Թույլ տվեք հիշեցնել, որ ռուսական բանակը զորակոչային հիմքի վրա է համալրվում: Դա նշանակում է, որ կես տարին մեկ Գյումրիում անձնակազմի փոփոխություն է տեղի ունենում: Երբ դա անհնարին է դառնում, ռազմակայանը լուրջ բարդությունների առջև է կանգնում»:
Նրա կարծիքով, սակայն, Ռուսաստանը մի շարք այլընտրանքային տարբերակներ ունի, որոնք թույլ կտան կազմակերպել ռազմակայանի անխափան մատակարարումը: