«168 ժամ» պարբերականի տեղեկություններով, իշխանական վերնախավում որոշում են կայացրել ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին վաճառել Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական մասնաշենքերից մեկը`Արտաքին գործերի նախարարության շենքը:
«Ըստ լուրերի` ներկայիս «Մարիոթ» հյուրանոցի դիմաց գտնվող այդ շենքի վայրում Կարապետյանը ցանկանում է հյուրանոց կառուցել: Իշխանական շրջաններում ԱԳՆ-ի շենքը վաճառելու անհրաժեշտությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ այն վերանորոգման խիստ կարիք ունի, սակայն կառավարությունը դրա հնարավորությունը չունի: ԱԳՆ-ի շենքը անհարմար կառուցվածք ունի` առաստաղները շատ բարձր են, և վերանորոգումը բավական ծախսատար կլինի: Այս հնարավոր գործարքի կողմնակիցները նշում են, որ դրա փոխարեն`ավելի ճիշտ կլինի կառավարական նոր մասնաշենք կառուցել, իսկ Հանրապետության հրապարակի այդ շենքը շահավետ գնով վաճառել: Գործարքը, որպես այդպիսին, դեռ չի ձևակերպվել, սակայն, խոսակցություններ կան, որ դրա վերաբերյալ վերջնական համաձայնություն արդեն կայացել է: Քաղաքապետարանը նույնիսկ արդեն որոշել է, թե կառավարական նոր շենքի կառուցման համար որտեղ պետք է տարածք հատկացվի: Երևանի քաղաքապետարանից ու Պետական գույքի կառավարման վարչությունից մեր թղթակցի հարցերին ի պատասխան` երեկ, ըստ էության, չեն հերքել այս լուրը: Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ասել են, թե «մեծ հաշվով նման որևէ բան չկա»»: