Հայաստանում գողծող «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության և թուրքական GPOT կենտրոնի «Հայ-թուրքական երկխոսություն» ծրագրի շրջանում երեկ Ստամբուլում գտնվող Միջազգային ճգնաժամային խմբի գրասենյակում հայ լրագրողները հանդիպել են Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրեյզերի և խմբի թուրք վերլուծաբանների հետ, գրում է «Առավոտ» օրաթերթը:
«Սաբինա Ֆրեյզերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարճատև պատերազմը հնարավոր չի համարել. «Ադրբեջանում կարծում են, որ իրենք կհաղթեն պատերազմը արագ հարձակման դեպքում, կվերցնեն ցածրադիր մի քանի շրջաններ` Աղդամը, Ֆիզուլին, բայց կարծում եմ, որ դա երբեք տեղի չի ունենա, որովհետև եթե ադրբեջանցիները շեշտակի գրոհեն, հայերը կարձագանքեն, կստեղծվի բարդ իրավիճակ»: Ֆրեյզերը վստահ է, որ պատերազմ չի ցանկանում նաև Թուրքիան: Ինչ վերաբերում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավարը տեսանելի առաջընթաց է նկատում. «Իհարկե, սահմանները դեռ բաց չեն, բայց թուրքերն ու հայերը երկխոսում են, փորձում իրար հասկանալ, իսկ Ադրբեջանի և Հայաստանի «մասով» ոչ մի առաջընթաց չկա, ավելին`ամեն ինչ ավելի ու ավելի վատանում է, որովհետև Ադրբեջանում իրենցն են պնդում, հայերն էլ մտածում են միայն Ղարաբաղի անկախության մասին: Սա մեզ համար անհանգստացնող հանգամանք է»»: