Հայաստանի հավաքականի և մերձմոսկովյան «Խիմկի» ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ Ռուսաստանի հավաքականին կարող է մարզել նաև ռուս մասնագետ:
Բերեզովսկու կարծիքով` այս դերի համար հարմար է Գուս Հիդինկի նախկին օգնական Ալեքսանդր Բորոդյուկը, ով ներկայումս աշխատում է Դիկ Ադվոկատի հետ:
«Իմ կարծիքով` շատ ավելի լավ կլիներ, եթե ազգային հավաքականը ղեկավարեր հայրենիքում մեծացած մասնագետ: Ժամանակն է, որ Ալեքսանդր Բորոդյուկը, ով օգնում էր Գուս Հիդինկին, իսկ ներկայումս Դիկ Ադվոկատի հետ է աշխատում, երկրի հավաքականի ղեկավարությունն իր ձեռքը վերցնի: Առավել ևս, որ Ռուսաստանը ներկայումս բավական ծանր վիճակում է, և նրա նշանակումը կարող էր անհրաժեշտ խթան հանդիսանալ թիմի համար ճգնաժամից դուրս գալու հարցում: Չեմ կարող վստահորեն ասել, այդ բոլորը ներքին հարցեր են, որոնց մասին չի կարելի դատել պարզապես շշուկներ լսելով: Այդուհանդերձ, կարծում եմ, որ ավելի վատ հաստատ չի լինի: Հարցը նրանում է, որ արտասահմանցի մարզիչը պետք է իր հոգեկերտվածք վերափոխի խաղացողների մտածողությանը համապատասխան: Ըստ երևույթի, Հիդինկին դա հաջողվում էր, իսկ Ադվոկատին դեռևս ոչ այնքան»,- Sportbox.ru –ի հետ զրույցում ասել է Բերեզովսկին: