Home / Հայաստան / Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կհարգեն Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կհարգեն Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակը

Միջազգային մշակութային բանկի նախաձեռնությամբ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտ տեղադրվել է հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամությանը խորհրդապատկեր:
Միջազգային մշակութային բանկի ներկայացուցիչներ Լևոն Իվանյանն ու Կարապետ Զաքոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոչ են արել մարդկանց ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության պահին մի պահ կանգնել վերոնշյալ խորհրդապատկերի առաջ, գլուխ խոնարհել ու իրենց ձեռքի ծաղիկներից ծաղիկ առանձնացնել և դնել խորհրդապատկերի առջև:

Նրանք նաև հորդորել են հուշագիր մատյանի մեջ գրել երկտող-բարեմաղթանք և հանգանկության տուփի մեջ դրամ թողնել:

Միջազգային մշակութային բանկի ներկայցուցիչները նշել են, որ սրանով հայ ժողովուրդն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ճապոնացի ժողովրդին` համատարած աղետների անդիմանալի հարվածների կապակցությամբ:

Միջազգային մշակութային բանկի ներկայացուցիչները նաև տեղեկացրել են, որ աջակցության գործողությունը և Ցեղասպանության հուշակոթողին այցը 24 ժամ ուղիղ հեռարձակմամբ կներկայացվի «Ա1+»-ի ինտերնետային կայքում, իսկ Ճապոնաիյում այն նաև կհեռարձակվի իրենց երկրի մարդաշատ վայրերի ծանուցողական էկրաններին:

«24 ժամանոց եթեր ապաոհվելով` մենք հնարավորություն ենք ունենում աշխարհին ցույց տալ, որ մենք ունենք անձնական սուգ, բայց ուրիշի սուգն էլ ենք հիշում»,- ասաց Զաքոյանը:

Միջազգային մշակութային բանկի ծրագրերի ղեկավար Լևոն Իվանյանը նշել է, որ այս ակցիայով իրենք բարոյական մոտեցում են ցուցաբերում, և «դա անելու են շատ նուրբ և չափի մեջ, որպեսզի մի միջոցառումը մյուսին չխանգարի և իրար չխառնվի»: