Ապրիլի 21-ին ավելի քան 1500 Կալիֆորնիայի հայերի մասնակցութամբ զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել՝ Լոս Անջելեսի մերձակա Քալվեր քաղաքի «Սոնի» կինոհամալիրի առջև, որտեղ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի մասնակցությամբ մեկնարկում էր դրամահավաքի միջոցառում` նախագահի վերընտրման քարոզարշավի օգտին:
Ամերիկահայ ցուցարարները «Օբամա՛, հարգի՛ր խոստումդ» կարգախոսով իրենց բողոքն են արտահայտել ԱՄՆ նախագահի նկատմամբ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և հայ ժողովրդին արդարահատույց լինելու իր նախընտրական քարոզարշավի խոստումը դրժելու համար, հայտնում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն:
Ցույցի ընթացքում ելույթ են ունեցել «System of A Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի անդամ՝ Հովան Թաշճյանը, Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ՝ Անդրանիկ Քիզիրյանը և «Ասպարեզ» օրաթերթի անգլերեն բաժնի խմբագիր՝ Արա Խաչատրյանը, ովքեր իրենց բողոքն ու վրդովմունքն են արտահայտել նախագահին և կոչ են արել ցուցարարներին «շարունակել իրենց պահանջատիրական աննահանջ պայքարը ցեղասպան Թուրքիայի դեմ»:
Ցույցին ներկա են եղել ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցների ու հեռուստակայանների ներկայացուցիչներ ու լրագրողներ, ովքեր հարցազրույցներ ու ճեպազրույցներ են ունեցել ցուցարարների հետ: