«Մարտի 1-ի գործի քննությունը ամբողջությամբ կվերանայվի», – «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հինգշաբթի օրն ասել է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:
Նա տեղեկացրել է, որ երեկ Հատուկ քննչական ծառայության պետի մոտ տեղի է ունեցել օպերատիվ քննարկում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի պահանջները կատարելու ուղղությամբ:
Քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերանայել նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները: Կվերանայվեն բոլոր վարկածները¸ ցուցմունքները¸ կատարված փորձաքնությունները:
Վահագն Հարությունյանի խոսքով` Հատուկ քննչական ծառայության պետի կողմից ցուցում է տրվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել վկաների նախկին ցուցմունքների և փորձաքննություների եզրակացություններ վրա: Անհրաժեշտության դեպքում նաև կնշանակվեն լրացուցիչ փորձաքննություններ: Արդեն իսկ գրավոր հանձնարարական է ուղարկվել Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության օպերատիվ ծառայություններին` օպերատիվ որոնողական միջոցառումները առավել ակտիվացնելու նպատակով:
«Ըստ էության, գործի քննությունը նորից կվերանայվի ամբողջությամբ: Եթե ի հայտ կգան հարցեր, խնդիրներ, որ ժամանակի ընթացքում վրիպակի կամ ինչ-որ բանի արդյունքում ուշադրությունից դուրս են մնացել, անպայման դրանք ի հայտ կբերվեն եւ քննության առարկա կդարձվեն: Արվելու է հնարավորինս` տեղի ունեցած դեպքերի բացահայտումը ապահովելու նպատակով», – ասել է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավարը:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո հնարավոր է, որ հարցաքննության կանչվի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հարությունյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ նման հայտարարություն անողները իրավասու են որոշելու նպատակահարմարության ու ոչ նպատակահարմարության հարցը: Նույն կարգով նաև չի հարցաքննվել դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե քրեական գործի քննության տակտիկայից ելնելով` խումբը գտնի, որ կա նման հարցաքննություններ կատարելու անհրաժեշտություն` կկատարի: Եվ ես չեմ կարծում, որ, ասենք, 10 անձանց մահվան հանգամանքները, ինչի մասին նույն այդ, այսպես կոչված` մեղադրողները անընդհատ շահարկում են, կարող է Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը այդ անձանց մահվան հանգամանքները բացահայտի»:
Իսկ հարցին, թե հնարավոր կլինի՞ նախագահի հանձնարարականից հետո ինչ-որ առաջընթաց արձանագրել, Հարությունյանը պատասխանել է, թե չի կարող կանխագուշակություններ անել:
Նրա խոսքով` գործի քննությունը երբեք չի դադարել, Սերժ Սարգսյանի հանձնարարականը պարզապես «առավել կակտիվացնի կատարվելիք գործողությունները», և եթե լինեն արդյունքներ, ապա հասարակությունը անպայման կիմանա այդ մասին:
Երեկ Հատուկ քննչական ծառայությունը նաև հայտարարություն է տարածել, որտեղ ակնկալում է հասարակության աջակցությունը` խնդրելով բոլոր նրանց, ովքեր կարող են տեղեկատվություն տրամադրել 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների դեպքերի, հատկապես տասն անձանց մահվան հանգամանքների բացահայտման վերաբերյալ, դիմել Հատուկ քննչական ծառայության քննչական խմբին:
«Ծառայությունը պատրաստ է ընդունել այդ մարդկանց, լսել նրանց, և դրա համար նույնիսկ շնորհակալ կլինի: Ավելին` ծառայությունը կապահովի այդ անձանց նաև գաղտնիությունը, կկիրառվեն, անհրաժեշտության դեպքում, պաշտպանության միջոցներ` նրանց անձի, հարազատների, մերձավորների համար», – վստահեցրել է քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: