Վիզաներ ստանալու նպատակով Ադրբեջանական դեսպանատուն դիմած մի շարք արտասահմանյան լրագրողներ անակնկալի են եկել: Նրանցից պահանջել են Ադրբեջանի մասին նախկինում հրապարակված նյութեր ներկայացնել: Ադրբեջանի վերաբերյալ քննադատական հոդվածների դեպքում գործընթացը բարդացվում է կամ առհասարակ վիզա չի տրամադրվում: Այս մասին Turan գործակալությանը պատմել է ներկայանալ չցանկացող արևմտյան հայտնի լրագրողներից մեկը, ով նույնպես բախվել է նման խնդրի հետ:
«Եթե մենք ժամանում ենք Ադրբեջան, լուսաբանում ենք բոլոր կողմերի կարծիքները` ինչպես ընդդիմության, այնպես էլ` իշխանությունների: Եթե իշխանությունները կարծում են, որ նման գործողություններով կարող են կասեցնել բացասական կամ քննադատական հրապարակումները, խորապես սխալվում են: 5 տարեկան աղջկա ձերբակալության վերջին դեպքը դրա վառ ապացույցն է: Արտասահմանցի լրագրողներ այնտեղ չկային, սակայն ողջ աշխարհը տեսավ այդ խայտառակությունը»,- նշել է լրագրողը:
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 17-ին տեղի ունեցած հակակառավարական ակցիաների ժամանակ Բաքվում ձերբակալվել և երկրից արտաքսվել էին շվեդ լրագրողներ:
Սակայն, ինչպես գրում է Contact.az-ը, ռեժիմի խստացումը ավելի վաղ է եղել` Euronews հեռուստաալիքի հետ Իլհամ Ալիևի հարցազրույցից հետո, երբ նախագահին հարցեր են ուղղվել ժողովրդավարության խախտման, բռնապետական ռեժիմի և քաղաքացիների իրավունքների և ազատությունների մասին: Այս դեպքից հետո արտասահմանցի լրագրողներին արգելվել է հարցեր ուղղել Ալիևին այս թեմայով: