Երեկ` ապրիլի 22-ին, ողջ Սիրիայում անցկացվող «Մեծ Ուրբաթի» զանգվածային բողոքի ակցիաները ցրելու նպատակով անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել և կրակ արձակել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 75 մարդ է զոհվել: Շուրջ մեկ ամիս տևած բողոքի ցույցերի այս ամենաարյունոտ օրն ապացուցում է, որ իշխանական ռեժիմը չի պատրաստվում նահանջել և կարող է առավել կոպիտ միջոցներով դիմադրել նախագահ Բաշար ալ Ասադի վարչակազմի դեմ դուրս եկած սիրիացիներին, գրում է «Ալ Ջազիրան»:
Սպանված ցուցարարների թվում 70 տարեկան տարեց մարդ է եղել, ինչպես նաև 7 և 10 տարեկան տղաներ, հայտնել է մարդու իրավունքների հարցերով զբաղվող Amnesty International միջազգային կազմակերպությունը:
Սիրիայի տարբեր քաղաքներում` Խոմսում, Դերայում, Խամայում, ինչպես նաև մայրաքաղաք Դամասկոսում երթերը սկսվել են ուրբաթօրյա աղոթքից հետո: Հազարավոր մարդիկ շարժվել են քաղաքների կենտրոնական հրապարակներ:
Մտավախություններ կան, որ այսօր կրկին կարող են բռնության դեպքեր գրանցվել, քանի որ մահացած ցուցարարների բարեկամները հուղարկավորության արարողություններ են իրականացնելու: