Անցած տարվա հիմնական առաջընթացն այն է, որ ավելի շատ սկսեց խոսվել Հայոց Ցեղասպանության հետևանքների վերացման կամ հատուցման հարցի մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով` Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ողջ, թեկուզ կոմայի մեջ, պահելը հնարավորություն տվեց Թուրքիային շարունակել օգտագործել այդ արձանագրությունները որպես լծակ` Ղարաբաղյան հարցում իր տեսակետները ավելի բարձրաձայնելու: Մյուս կողմից, ըստ Մանոյանի, այդ արձանագրությունները մեկնաբանվում են ավելի շուտ Թուրքիայի տեսակետին համահունչ:
Դաշնակցական գործիչը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս չի արտասանի «ցեղասպանություն» բառը: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ հանգամանքներում Թուրքիան կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, Մանոյանը վստահեցրել է, որ դա կարող է լինել միայն արտաքին ճնշման ազդեցությամբ կամ Թուրքիայում ներքին փոփոխության արդյունքում: