Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ռազմակայանների ուղղությամբ իրականացրած ռմբակոծությունների արդյունքում, որի տարածքում է գտնվում Մուամար Քադաֆիի նստավայրը, մի քանի շինություններ են վնասվել, հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով լիբիական իշխանությունների հայտարարություններին:
Ապրիլի 25-ի գիշերը Բաբ-ալ-Ազիզիա ռազմակայանի ուղղությամբ 2-4 հրթիռներ և ռումբեր են արձակվել: Էական վնաս է հասցվել 3 հաստատությունների, որոնք մտնում են լիբիական առաջնորդի նստավայրի համալիրի մեջ:
Տրիպոլիում գտնվող մի խումբ արտասահմանցի լրագրողներին վաղ առավոտյան թույլատրել են այցելել Բաբ ալ-Ազիզիա ռազմակայան: Լրագրողներին ուղեկցած լիբիական իշխանության ներկայացուցիչները հաղորդել են, որ ավիրված շենքերից մեկում գտնվում էր Քադաֆիի աշխատակազմը, իսկ մյուսում Լիբիայի առաջնորդը խորհրդակցություններ էր անցկացնում:
Քադաֆիի աշխատակազմի ներկայացուցիչը Բաբ-ալ-Ազիզիայի ռմբակոծումները որակել է որպես ոտնձգություն Մուամար Քադաֆիի կյանքի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը: Լիբիական առաջնորդների տվյալների համաձայն, Քադաֆիի նստավայրի ռմբակոծման հետևանքով 5 մարդ է տուժել: