Ապրիլի 16-ին` ՀՀ ոստիկանության օրը, «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Վիտամին» ակումբում հյուրընկալվել էին ՀՀ ոստիկանության աշխատակիցները` բարձրաստիճան ոստիկաններից սկսած մինչև շարքայինները: Այդ օրվա թողարկման կատակների ու զվարճալի տեսարանների հերոսները ՀՀ ոստիկաններն էին: «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով, այդ օրը բեմադրված մանրապատումներից մեկը եթերում չի ցուցադրվել:
««Վիտամինի» տղաները մի հումորային իրավիճակ են բեմադրել, երբ ՀՀ ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է մեկին և որոշում է տուգանել անբարեխիղճ վարորդին: Վարորդը ՀՀ ոստիկանապետն է լինում, որը որոշած է լինում այդպիսով ստուգել իր աշխատակիցների զգոնությունը: Ոստիկանապետը խնդրում է իրեն չտուգանել`ասելով, որ ինքը ՀՀ մշակույթի նախարարությունից է: Ճանապարհային ոստիկանը հարցերի միջոցով շուտով պարզում է, որ «վարորդը» մշակույթի հետ կապ ունի և «ակորդեոն» է նվագում: «Հա մեր նախարարն էլ ա ակորդեոն նվագում», – ասում է ոստիկանը և ներելով «վարորդին»` նրան բարի ճանապարհ մաղթում:
Հաղորդման նկարահանումից հետո ՀՀ ոստիկանությունից զանգահարում են «Շանթ« հեռուստաընկերության տնօրինությանը`խնդրել-պահանջելով որևէ դեպքում հումորային այդ կոմիքսը եթեր չտալ: Հաղորդումը, բնականաբար, եթեր է հեռարձակվում առանց այդ մանրապատումի»: