«Մարտի 1-ը մեր հանրապետության կարևորագույն, առաջնահերթ, ամենահրատապ խնդիրներից մեկն է: Ես չեմ պատկերացնում որևէ այլ խնդիր, որը կարելի է դասակարգելու դեպքում վեր դնել մարտի 1-ից». այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը ներկայացրեց ռեժիսոր Արա Շիրինյանի, խորհրդատու Առաքել Սեմիրջյանի 124 րոպե տևողությամբ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը: Սցենարի հեղինակն է ինքը` Պասկևիչյանը:
Ֆիլմը կազմված է երկու մասից` առաջինը ներկայացնում է 2007 թվականի սեպտեմբերից մինչև 2008 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը, այսինքն` նախընտրական արշավի, ընտրությունների և հետընտրական զարգացումների փուլը մինչև մարտի 1-ը:
«Իսկ երկրորդ հատվածը ներկայացնում է բուն մարտի մեկի իրադարձությունները և դրանց չբացահայտումը», – ասել է հրապարակախոսը:
Հիմնական շեշտադրումները հեղինակները դրել են հետևյալ խնդիրների վրա. մարտի մեկի դեպքերից հետո ինչ թերություններ են հիմնականում տեղ գտել դատախազության և այլ կառույցների գործունեության մեջ, ինչպես նաև ցույց տալ կատարվածի և Հայաստանի օրենքների և սահմանադրության հակասությունները:
«Ֆիլմի պատրաստման աշխատանքները սկսվել են մոտավորապես մեկ տարի 3-4 ամիս առաջ: Երբ սկսում էինք, մտածում էինք, որ, գուցե, 2010 թվականի մարտի մեկին հասցնենք ֆիլմը, բայց աշխատանքի ահագնացող ծավալը ցույց տվեց, որ նման ֆիլմ ստեղծելու համար նույնիսկ մեկ-մեկուկես տարին բավական քիչ է», – ասել է Պասկևիչյանը:
Ըստ նրա` բավական նյութ փաստերի առումով ունեին նաև լրատվամիջոցները: Հրապարակախոսը շնորհակալ է նաև դրանք տրամադրելու համար:
Ֆիլմը դիտելուց հետո կարելի է հասկանալ մարտի 1-ի պատճառները, հետևանքները ու դրանց ապաշնորհ կերպով կոծկելու փորձերը, նկատել է բանախոսը. «Ինքներդ էլ կհասկանաք, որ մեր բոլոր դժբախտությունները կապված են հասարակ մարդու, հասարակ քաղաքացու կամարտահայտության իրավունքը սահմանափակելու կամ ոչնչացնելու հետ»:
Նշենք նաև, որ այսօրվանից Մարտի 1 հասարակական կազմակերպությունը տարածում է ֆիլմը, իսկ որպես հասցեատերեր են ընտրված ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, խորհրդարանի և կառավարության անդամները, բոլոր այն մարդիկ, որոնք, հավելել է Տիգրան Պասկևիչյանը, պետք է հասկանան, որ որոշումներ կայացնելուց հարկավոր է զգույշ լինել և պատասխանատվություն զգալ ժողովրդի առջև:
Ֆիլմը կստանան նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և 2008 թվականին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Հրապարակախոսը նշել է նաև, որ իշխանության մեջ ևս կան բազմաթիվ մարդիկ, որոնք հասկանում են, որ մարտի 1-ի դեպքերի չբացահայտելը մեծ վնաս է հասցնում Հայաստանին. «Կարծում եմ, այդ մարդիկ էլ այսօր որոշակի գործունեություն ծավալում են, որպեսզի նրանք մնան ստվերում, բայց լինի այդ բացահայտումը»:
«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղինակները նամակներով կդիմեն Մոսկվա կինոթատրոնին և Երևանում գործող հեռուստաընկերություններին` առաջարկելով ցուցադրել կինոնկարը: «Մենք առաջարկելու ենք ցույց տալ որոշակի վճարի դիմաց: Եթե հեռուստաընկերությունները պատրաստ են վաճառել {եթերային ժամանակը}, մենք ֆիլմը կտրամադրենք ցուցադրության համար», – ասել է նա` հավելելով, սակայն, որ նախկինում իր ֆիլմերը հեռուստաընկերությունները չեն ցուցադրել, նույնիսկ համապատասխան վճարի տրամադրման պայմանով:
Կպատրաստվեն նաև ֆիլմի անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն տարբերակները, ինչից հետո այն կուղարկվի Հայաստանից դուրս գործող կազմակերպություններին: Իսկ այսօր արդեն այն ստացել են ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատներն ու միջազգային կառույցների ներկայացուցչությունները: