Այսօր Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի հատվածում ավտովթարի է ենթարկվել 2009 թվականի ծանրամարտի աշխարհի չեմպիոն 25-ամյա Նազիկ Ավդալյանը: Նա տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյան հիվանդանոց, մեկ ժամվա ընթացքում նրան պատրաստվում են տեղափոխել Երևան:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հաղորդել է Գյուլբենկյան հիվանդանոցի ռեանիմատոլոգ Հովհաննես Նահապետյանը, Նազիկ Ավդալյանն ավտովթարի հետևանքով կոտրվածքներ չունի, նա ողնաշարի ցնցում է ստացել, վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Նահապետյանը տեղեկացրել է, որ մարզիկին Երևան են տեղափոխում հետազոտության համար, որպեսզի նա կարողանա ավելի արագ վերականգնվել և վերադառնալ իր մասնագիտական գործունեությանը: Բժշկի խոսքով` Ավդալյանը գիտակից վիճակում է, կարողանում է խոսել:
Առայժմ պարզ չէ` արդյոք Ավդալյանն ինքն է եղել մեքենայի ղեկին: Նշենք, որ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո նա ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից մեքենա էր նվեր ստացել: