ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ արտախորհրդարանական ընդդիմության գործունեության մեջ նկատում է դրական միտումներ: Այդ գործունեությունը նա գնահատել է ոչ թե որպես հասարակության պառակտմանն ուղղված, այլ քաղաքական դաշտը որոշակի ասպարեզ տեղափոխելու նպատակ ունեցող, հաղորդում է Lragir.am-ը:
«Ընթանում են հանրահավաքներ, հնչում են ելույթներ, որոնք միտված չեն հասարակության պառակտմանը, որոնք միտված չեն ջարդել-փշրել հասկացողությունները զարգացնելուն, որոնք միտված են քաղաքական պայքարը տեղափոխել նաև որոշակի հարթակներ»:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Ազատության հրապարակի խնդրին: «Ինձ դուր է գալիս, որ վերջին շրջանում իրավապահ մարմիններն ու ընդդիմության հանրահավաքների կազմակերպիչները համագործակցում են, և հասարակական կարգի որևէ խախտում չի լինում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ դա կարող է հանգեցնել նրան, որ Ազատության հրապարակը նորից դառնա այլընտրանքային կարծիքների արտահայտման վայր: Ըստ նրա` դա է Ազատության հրապարակի իրական նշանակությունը: «Եվ եթե իրադարձություններն այսպես զարգանան, ես կարծում եմ, որ մեր համատեղ ուժերով կարող ենք մաքրել այդ հրապարակից այն կեղծ պատկերացումները, որ այսօր կամ, ավելի ճիշտ, երեկ գոյություն ունեին իբրև ծայրահեղականություն սնող մի միջավայր։ Սա մեզ համար չափազանց կարևոր է»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանն այս տարի տոնում է անկախության 20-ամյակը: «Ուզում եմ նաև հիշեցնել, որ մենք բոլորս մտնում ենք մայիս ամիս, մեր ժողովրդի համար հաջողությունների ամիս, հաղթանակների ամիս։ Մենք մայիսին տոնելու ենք նաև Հանրապետության օրը, տոն, որ շատ լուրջ դասերով է լի, և այդ դասերն այսօր էլ են արդիական»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով, պառակտումով, չարությամբ որևէ տեղ չի լուծվել զարգացման խնդիր: Նա նշել է, թե բոլորս պետք է կարողանանք հաղթել չարությունը:
«Իսկ չարությանը կարողանում են հաղթել միայն ուժեղները։ Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, այսօր մենք ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին իրենց զգոնությունը թուլացնել, և համագործակցելով՝ մենք կարող ենք իրոք մեր երկրի համար ապահովել լուրջ հաջողություններ։ Այստեղ ևս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, և ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին տալ առաջարկություններ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։
Ըստ նրա` պետք է արագացնել քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված քայլերը, անել քայլեր, որ դժգոհների թիվը երկրում նվազի: