Չերնոբիլի ԱԷԿ-ի աղետի 25-ամյա տարելիցի կապակցությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցի ընթացքում կոշտ հայտարարություններ է արել Ուկրաինայի, ինչպես նաև Եվրամիության հասցեին:
Հարցին` ինչու Լուկաշենկոն չի մասնակցել Ուկրաինայում սգո արարողություններին, Բելառուսի առաջնորդն իր բացակայության մեղքը գցել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վրա` հայտարարելով, «Ցավոք սրտի, Ուկրաինայի ներկայիս իշխանություններն էլ ոջլոտ են: Հարցը պետք է ուղղել Յանուկովիչին, թե ինչու Բելառուսի նախագահը չի մասնակցում իրենց երկրում կազմակերպված արարողությանը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ չի մասնակցի Չերնոբիլի հարցերով միջազգային կոնֆերանսին, եթե միևնույն հաստատությունում լինի նաև Լուկաշենկոն: Բելառուսի առաջնորդը որոշել է, որ ուկրաինական կողմը չի հրավիրել իրեն կոնֆերանսի հենց այս պատճառով, որպեսզի ընդառաջի Բարոզուի պահանջին:
«Ինչ վերաբերում է այնպիսի «կազյոլների», ինչպիսին է Բարոզուն, դե, ինչ ասեմ, կար ինչ-որ Բարոզու Պորտուգալիայիում, վտարեցին նրան, և տեղավորեցին Եվրահանձնաժողով: Ինձ քիչ է հետաքրքրում, թե այդ եվրոպական չինովնիկներից ով ինչ է ասում», – Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում Newsru.com-ը: