«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է Հրանտ Դինքի անվան մրցանակի:
2009 թվականի սեպտեմբերի 15-ին, երբ Ստամբուլում նշում էին ականավոր թուրքահայ լրագրողի ծննդյան 55-րդ տարեդարձը, «Հրանտ Դինք» հիմնադրամը նոր նախաձեռնությամբ հանդես եկավ:
Յուրաքանչյուր տարի այդ օրը հիմնադրամը հանձնում է Հրանտ Դինքի անվան մրցանակը: Մրցանակը հանձնվում է երկու անվանակարգում. մեկը ստանում են Թուրքիայի քաղաքացիները, մյուսը` Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը, օտարերկրացիները:
Համաձայն «Հրանտ Դինք» հիմնադրամի` մրցանակը տրվում է «խտրականությունից, ցեղասպանությունից, բռնությունից զերծ, ազատ ու անկախ աշխարհի ձգտող, այդ ուխտի համար անհատական զոհողություններ ցուցաբերող, կանխակարծիքներ խորտակող, այդ պայքարի մեջ հասարակությանը խրախուսող անձանց»:
2009 թվականին Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը ստացել է իսրայելցի լրագրող, հրապարակախոս, Ամիրա Հասը, իսկ 2010 թվականին իսպանացի դատավոր Բալտասար Գարսոն Ռեալը:
Նշենք, որ այս տարվա ժյուրիում ընդգրկված են` թուրք վիպագիր, իրավապաշտպան, լրագրող Ադալեթ Աղաօղլուն, թուրքական «Գիտակցված բողոքի» շարժումը, որի անդամները հրաժարվում են բանակ գնալ և պայքարում են ռազմական հասարակության դեմ, Բալտասար Գարսոն Ռեալը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ով ժյուրիում միակ ներկայացուցիչն է Հայաստանից, գերմանացի քաղաքական գործիչ Դանիել Կոն-Բենդիտը, թուրք լրագրող Հասան Ջեմալը, բանգլադեշցի իրավապաշտպան Այրին Խանը, ամերիկացի փիլիսոփա Յուդիթ Բաթլերը և Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը:
Նիկոլ Փաշինյանին որպես Հրանտ Դինքի անվան մրցանակի թեկնածու է աառջադրել «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը: