Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանը լրագրողին հայհոյել է հուզմունքից. փաստաբան

Ռուբեն Հայրապետյանը լրագրողին հայհոյել է հուզմունքից. փաստաբան

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցապահանջի քննությունը` ընդդեմ ԱԺ Հանրապետական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի:

Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը հայտարարեց, որ ինքը գտնում է, թե հայցապահանջը անհիմն է եւ ենթակա է մերժման: Փաստաբանը նշեց, որ Ռուբեն Հայրապետյանին պատասխանատվության ենթարկելու համար բացակայում է իրավական նորմը, քանի որ հայցվոր կողմը հրաժարվել է  Քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածով («Վիրավորանք») սահմանված պահանջից:

Հիշեցնենք, որ  «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանի ներկայացմամբ, նա հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով, փետրվարի 2-ին զանգահարել էր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին: Սակայն պատգամավորը, լրագրողին անվանելով «տգետ», հեռախոսն անջատել էր: Ի պատասխան Գրիշա Բալասանյանի երկրորդ զանգի, որով վերջինս ցանկացել էր ճշտել իրեն վիրավորելու պատճառը` պատգամավոր Հայրապետյանը, երբ տեղեկացել էր, որ հեռախոսազրույցը ձայնագրվում է, սկսել էր սեռական բնույթի հայհոյանքներ տալ, հետո ավելացրել էր` «լավ արեցի» ու կրկին շարունակել հայհոյել: Դեպքից հետո Բալասանյանը հայցադիմում էր ներկայացրել Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել պատգամավորին իրենից ներողություն խնդրել, փոխհատուցել 1 մլն դրամի չափով, վճարել դատարան դիմելու պետական տուրքի, հայցադիմումի պատրաստման ու դատական ներկայացուցչության համար կատարված ծախսերը:
Պատգամավորի ներկայացուցիչը նշեց, որ լրագրողը խախտել է Ռուբեն Հայրապետյանի իրավունքը` հեռախոսազանգի հենց սկզբից ձայնագրելով իրենց խոսակցությունը, որից էլ բխել է հետագա գործունությունը: «Առաջին զանգի ժամանակ լրագրողը չի զգուշացրել, որ ձայնագրում է, իսկ երկրորդ խոսակցության ժամանակ Ռուբեն Հայրապետյանն է հարցրել` ձայնագրո՞ւմ եք, իսկ լրագրողը համարձակորեն պատասխանել է` այո, այսինքն` այո, ես խախտում եմ Ձեր իրավունքները»,- ասաց փաստաբանը: Գևորգ Գևորգյանի կարծիքով` լրագրողի իրավունքները չպետք է պաշտպանվեն, քանի որ նա չարաշահել է իր իրավունքը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը նաեւ նշեց, որ Ռուբեն Հայրապետյանի մոտ հուզմունք է առաջացել, որի ազդեցության տակ էլ նա հայհոյել է լրագրողին: Փաստաբանը կարծում է, որ լրագրողի խախտված իրավունքը չպետք է վերականգնվի, քանի որ վերջինս ինքն է բորբոքել պատգամավորին, որին էլ հաջորդել է սեռական բնույթի հայհոյանքները:
ՀՀԿ-ական պատգամավորի ներկայացուցիչը ենթադրում է, որ լրագրողը ոչ թե ցանկանում է վերականգնել իր իրավունքները, այլ հեղինակազրկել Ռուբեն Հայրապետյանին:
Գրիշա Բալասանյանի շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, պատասխանող կողմին, հարցրեց, թե արդյոք անձի արժանապատվության իրավունքը գերակա չէ Ռուբեն Հայրապետյանի` ձայնագրման մասին տեղյակ լինելու իրավունքից:
Գևորգ Գևորգյանը այս և այլ հարցերին տալիս էր ոչ կոնկրետ պատասխաններ, հաճախ էլ պարզապես ընդհանրապես հրաժարվում էր պատասխանել հարցին:

Վահե Գրիգորյանը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել, որպեսզի իրենք հավելյալ փաստեր ներկայացնեն: Պատասխանողն առարկեց միջնորդության դեմ: Դատավոր Աիդա Դավթյանը որոշեց բավարարել հայցվոր կողմի  միջնորդությունը եւ հետաձգեց դատական նիստը` այն նշանակելով մայիսի 2-ին, ժամը 15:00-ին, հաղորդում է lragir.am-ը: