Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը երեկ առարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի նախագիծը քվեարկության չդնելու վերաբերյալ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավարներ Նենսի Փելոսիի և Սթինի Հոյերի փաստարկներին, հայտնում է azatutyun.am-ը:
Փելոսին երկուշաբթի օրը հայտարարել է, թե անցած դեկտեմբերին, երբ դեռ զբաղեցնում էր Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը, քվեարկության չի դրել թիվ 252 բանաձևը, քանի որ «լուրջ մտահոգություն կար, որ բանաձևը չի ստանա հաստատման համար անհրաժեշտ 218 քվեն»:
Հոյերը ևս այս ամիս ավելի վաղ պնդել էր, թե իրենց հաշվարկներով` օրինագիծը ընդունելու համար «ձայները բավարար չէին»:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, մինչդեռ, երեկ իր անհամաձայնությունն է հայտնել երկու կոնգրեսականների հիշյալ պնդումներին:
«Որպես Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ և մեծամասնության առաջնորդ` կոնգրեսականներ Փելոսին և Հոյերը ունեին թիվ 252 բանաձևը անցկացնելու համար անհրաժեշտ մեծամասնությունը, ինչպես նաև հեղինակությունը և հնարավորությունը: Այդուհանդերձ, նրանք նախընտրեցին թույլ չտալ մարդու իրավունքներին առնչվող այս նախագծի քվեարկությունը», – վստահեցրել է Համբարյանը` համոզմունք հայտնելով, որ բանաձևի ընդունումը հնարավոր էր Փելոսիի և Հոյերի կողմից քաղաքական կամք դրսևորելու դեպքում: