«Երեք տարի շարունակ ականատես ենք եղել մեր երկրում սրընթաց զարգացումների: Տիրող քրեաօլիգարխիկ ռեժիմը հալածում էր, ահաբեկում էր, լավագույն դեպքում` անտեսում էր մեր Շարժումը», – հանրահավաքին հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` այս պայքարի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները հասկացան, որ Շարժումը ճնշելու փորձերը ձախողվելու են:
«ՀԱԿ-ը դարձել է այնպիսի մի ուժ, որի հետ չեն կարող հաշվի չնստել: Ժողովուրդը վստահորեն իր ձեռքն է վերցնում քաղաքական գործընթացների զարգացումը: Դա նշանակում է, որ թավշյա հեղափոխությունը սկսվում է», – հայտարարել է Զուրաբյանը:
«Իշխանությանը թվում է, որ, կենտրոնանալով այդ երեք պահանջների վրա, մենք հրաժարվում ենք ավազակապետության կազմաքանդման նպատակից: Հույս չունենաք մոլորեցնել ժողովրդին:
Մենք պահանջում ենք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում, կոռուպցիայից զերծ իշխանության ձևավորում, համակարգային փոփոխութուններ», – ասել է նա: