Home / Հայաստան / Լեո, Մեսսի, Բարսելոնա. հսկաների պայքարում տապալվեց «Ռեալը»

Լեո, Մեսսի, Բարսելոնա. հսկաների պայքարում տապալվեց «Ռեալը»

Ապրիլի 27-ին 2010/2011 մրցաշրջանի ընթացքում «Ռեալն» ու «Բարսելոնան» հանդիպեցին արդեն 4-րդ անգամ: Մինչ այդ թիմերը մեկական հաղթանակ էին տարել, հանդիպումներից մեկն էլ ավարտվել էր ոչ-ոքի: 4-րդ խաղում պատահականություններ տեղի չունեցան. Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում հաղթեց ուժեղագույնը:

Մադրիդցիների մարզիչ Ժոզե Մուրինյոն ընտրել էր նույն պաշտպանողական մարտավորությունը, որը հաջողություն բերեց իր թիմին մեկ շաբաթ կայացած Իսպանիայի գավաթի եզրափակիչում: Սակայն, եթե առաջին խաղակեսում «Բարսելոնան» իր երկու պահերը չօգտագործեց, ապա երկրորդ կեսում ամեն ինչ փոխվեց «Ռեալի» կիսապաշտպան Պեպեի հեռացումից հետո: «Ռեալն» այլևս ունակ չէր նույն համառությամբ պրեսինգի դիմել և հագեցնել դաշտի կենտրոնը: «Բարսելոնայի» առաջին գնդակը խփվեց 76-րդ րոպեին փոխարինման դուրս եկած հոլանդացի Իբրահիմ Աֆելայի գործողությունների շնորհիվ, ով աջ եզրով անցում կատարեց և գնդակը փոխանցեց տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ էլ արգենտինացի հարձակվող Լեո Մեսսին մեկ ակնթարթ ավելի արագ գտնվեց պաշտպաններից ու գնդակն ուղարկեց դարպասը դարպասապահ Իկեր Կասիլյասի ոտքերի միջով:

«Ռեալը» համարժեք պատասխան չկարողացավ գտնել, իսկ պահեստայինների նստարանից հեռացված մադրիդցիների մարզիչ Ժոզե Մուրինյոն անգամ փոփոխություններով չփորձեց փոխել խաղը: Առաջին խաղակեսից հետո խաղադաշտ դուրս եկած Էմանուել Ադեբայորը «Ռեալի» միակ փոխարինումն էր, իսկ ահա Իգուաինը, Բենզեման և Կական այդպես էլ մնացին պահեստայինների նստարանին:

87-րդ րոպեին տեղի ունեցավ հանդիպման ամենագեղեցիկ իրադարձությունը: Լեո Մեսսին փայլուն անցում կատարեց կենտրոնով, տուգանային հրապարակի մոտ տեղաշարժվեց դեպի աջ և, չնայած նրան հետապնդում էին մադրիդցիների պաշտպանները, հանգիստ գնդակն ուղարկեց Իկեր Կասիլյասի կողքով:

Բացառիկ գեղեցիկ գնդակն արժանի ավարտն էր լարված և անզիջում հանդիպման:

Կարելի է ասել, որ, մրցակցի հարկի տակ 2:0 հաղթելով, «Բարսելոնան» գրեթե ապահովեց իր տեղը եզրափակիչում, որը կկայանա Լոնդոնում մայիսի 28-ին:

Եզրափակիչ դուրս գալու դեպքում «Բարսայի» հավանական մրցակիցն է «Մանչեսթեր Յունայթեդը», որը ապրիլի 26-ին առաջ մրցակցի հարկի տակ պարտության մատնեց գերմանական «Շալկե 04» ակումբին:

Նշենք, որ 2009 թվականի եզրափակիչում «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն հանդիպել են: 2:0 հաշվով հաղթանակ են տոնել Խոսեպ Գվարդիոլայի սաները: