Թուրքիայի քաղաքացի հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալիկչիի ողբերգական մահը, որը գրանցվել էր ապրիլի 24-ին, չէր կարող պատահականություն լինել, ինչպես հայտարարում են պաշտոնական աղբյուրները: Այս մասին թուրքական ԶԼՄ-ներին հաղորդել է երիտասարդ զինծառայողի նշանածը:
Սևակ Շահին Բալիկչին մահացել է կիրակի, երբ, համաձայն պաշտոնական վարկածի, նրա ընկերոջ հրացանը պատահաբար կրակել է: Զինվորականներից մեկը հայտնել է, որ տղաները «կատակում էին» իրենց հրացաններով նախքան միջադեպը: Բալիկչիի ընտանիքը նշել է, որ հավատում է պաշտոնական վարկածին`նշելով, որ մահվան օրը պարզապես տարօրինակ կերպով համընկնել է ապրիլի 24-ի հիշատակի օրվա հետ:
Այդուհանդերձ, Today’s Zaman-ը գրում է, որ երիտասարդի նշանած Մելանի Քումրույանը չի հավատում Բալիքչիի մահվան պատահականությանը: Բազմաթիվ թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում աղջիկը հայտարարել է. «Արդեն հետաքննություն է ընթանում: Ես ցանկանում եմ, որպեսզի ճշմարտությունը հնարավորինս շուտ բացահայտվի: Չեմ կարծում, որ այդ ամենը պատահել է կատակի արդյունքում: Ես Սևակին շատ լավ գիտեմ: Նա հրացանի հետ խաղ չէր անի»:
Քումրույանը և Բալիկչին ապրում էին Ստամբուլի Քուրթուլուշ արվարձանում: Երիտասարդները հանդիպել են 17 տարեկանում, երկու տարի առաջ նշանվել են: Քումրույանը նշել է, որ Սևակն իրեն ամեն օր հաղորդագրություններ էր ուղարկում: Հաղորդագրություններից մեկի մասին Քումրույանը պատմել է Radikal daily-ի հետ, որը Սևակն ուղարկել էր ապրիլի 24-ի առավոտյան: Հաղորդագրության մեջ ասված էր. «Բարի լույս իմ հրեշտակ: Դու երբեք ինձ միայնակ չես թողել: Քո մաքուր սիրտն ինձ համար ամեն ինչից թանկ է: Ես երջանկություն և սեր եմ գտել քո մեջ: Ես երբեք և ոչ մեկին կյանքում այդքան չեմ սիրել, որքան քեզ»:
«Նրանք ասում են, որ դեպքը պատահել է առավոտյան ժամը 8-ին: Ես արթնացել եմ ժամը 9-ին: Նա ինձ հիասքանչ սիրային հաղորդագրություն էր ուղարկել ինչպես միշտ: Ես չեմ կարող նկարագրել այս ցավի չափերը: Ընդամենը 3 շաբաթ էր մնացել, որպեսզի նա տուն վերադառնար»,- շարունակում է Քումրույանը:
The Sabah daily-ի հետ զրույցում Քումրույանն ասել է հետևյալը. «Ես չեմ հավատում, որ դա պատահականություն էր: Ավագ սերժանտը ծեծել էր նրան 50 լիրա պարտքի համար»: