Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին ընդառաջ` այսօր ոստիկանություն են բերման ենթարկվել ՀԱԿ-ի մի շարք ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում է Epress.am-ի թղթակիցը Մասիսից, այս պահին ոստիկանությունում են գտնվում Կոնգրեսի Մասիսի ենթաշտաբի պետ Լյովա Եղիազարյանը, Մասիսի Արբատ գյուղում ՀԱԿ-ի տարածքային կառույցի ղեկավար Արտակ Ստեփանյանը, ՀՀՇ-ի Մասիսի շտաբի ղեկավար Ռոբերտ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Արտաշատում առավոտյան ժամը 08.30-ից ոստիկանություն էին տարել նաև ՀՀՇ-ի տարածքային կառույցի ղեկավար Վիկտոր Գասպարյանին: Epress.am-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Հարություն Հովհաննիսյանը պատմել էր դեպքի մանրամասների մասին.
«Առավոտյան 08.30 Վիկտորի տան դիմաց կանգած են եղել քրեականի տղաները, նրանք մոտեցել են Վիկտորին և ասել են` կարճ զրույց ունենք քեզ հետ: Երբ նա ասել է` ծանուցագիր բերեք, այդ տղաները պատասխանել են, որ ծանուցագրի խնդիր չկա, ընդամենը հինգ րոպեանոց զրույց է և երկար չի տևի, ու տարել են ոստիկանություն: Մինչև հիմա նա այնտեղ է»,- ասել է Հարություն Հովհաննիսյանը: