Երբ լսում ես, որ երկու հայ քաղաքական գործիչներ սիրաբանում են, պիտի ուրախանաս. առավել ևս, եթե այդ սիրաբանությունը արժանապատիվ է:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին միմյանց լրացնելով նման կարծիք են հայտնել Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
Ռուբեն Հակոբյանը ՀԱԿ-ի և իշխանությունների շուրջ ծավալված գործընթցները գնահատել է դրական:
«Ես ողջունում եմ ցանկացած երկխոսություն, եթե որևէ քաղաքական ուժ կա, այն զբաղվում է քաղաքականությամբ, ապա նա չպետք է բացառի որևէ երկխոսություն, սա աքսիոմատիկ հարց է: Իսկ այն ուղով, որ գնում էր ՀԱԿ-ը, տանելու էր փակուղի, և հնարավոր է` ևս մեկ մարտի 1 կրկնվեր: Սակայն արմատապես փոխվեց ՀԱԿ-ի դիրքորոշումը»,- ասել է Հակոբյանը:
Նա նշել է, որ մյուս կողմից իշխանությունների վրա կա եվրոպական երկրների մեծ ճնշում, և իշխնաությունները չէին կարող չընդունել այդ ձեռքը, որը մեկնել էր ընդդիմությունը:
«Ես հստակ տեսնում եմ եվրոպական կառույցների միջնորդությունը, որը ինչ-որ տեղ գործընթացին խոստանում է նորմալ ընթացք»:
Հայրիկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին և ՀԱԿ-ին անվանել է ոչ արմատական ընդդիմություն, քանի որ, ըստ նրա, նրանք չունեն արմատական ծրագիր, իսկ ՀԱԿ-ի ներկայացրած ծրագրերն անվանել «ինչ-որ կոսմետիկ բաներ»:
«Ես չեմ մոռանում, որ առաջին անգամ ավազակապետություն բառը Լևոն Տեր-Պետրոսյանն իր հասցեին է լսել, երբ Սերժ Սարգսյանի հետ նույն թիմում էր: Բայց լավ է, որ ինքն ինչ-որ բաներ սովորում է, ուրախ եմ, որ աճում է, գրագիտանում է, իսկ այն ժամանակ Լևոնն ու իր ընկերները երբ ասպարեզ մտան, ես հասկացա, որ անգրագետներ են, բայց եթե հիմա աճ կա, ուրախաում եմ, հայրենակիցներս աճ են ապրում»,- մեկնաբանել է Հայրիկյանը:
Նրան չի հետաքրքրել, թե ինչ են անում ՀԱԿ-ն ու իշխանությունները, ինչը նա մեկնաբանել է հետևյալ կերպ.
«Նրանք իրար հետ եղել են մեկ անգամ, ինչ է տվել դա մեր ազգին` Լևոնն եղել է նախագահ, Սերժ Սարգսյանը եղել է անվտանգության նախարար»: