Վրաստանի պաշտպանության նախարարությունը «բացարձակ հիմարություն է» համարում Ռուսաստանի իսլամիստական կոմիտեի ղեկավար Հեյդար Ջեմալի հայտարարությունն այն մասին, թե իբր Վրաստանը հեղափոխություն է նախապատրաստում Ադրբեջանում:
Նրանք հրաժարվել են մեկնաբանել «նման աբսուրդային մեղադրանքները», հաղորդում է «Պիրվելի»-ն: Նման արձագանք է հետևել նաև Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից:
Ջեմալը հայտարարել էր, որ Վրաստանի ղեկավարությունը պետական հեղաշրջում է նախապատրաստում Ադրբեջանի համար, և «այդ ամենի հետևում կանգնած է Վրաստանի անվտանգության խորհրդի անդամ Գիգա Բոկերիան»:
Նրա խոսքով` Վրաստանի տարածքում երիտասարդության մի խմբի նախապատրաստում են զանգվածային ցույցերին մասանակցելու համար: «Որքան ես գիտեմ, որոշիչ գործողությունները, այսինքն ադրբեջանական իշխանությունը տապալելուն ուղղված ընդդիմության ելույթները նախատեսված են մայիսի 28-ի համար»,- ընդգծել է փորձագետը:
Նրա խոսքով` անվտանգության խորհրդի նախագահ Գիգա Բոկերիայի կերպարը պատահաբար չէ ընտրված: «Ժամանակին նա երիտասարդական կազմակերպություններ էր ստեղծում, մասնավորապես, «Քմարան» , որի նպատակը նախագահ Շևարդնաձեին պաշտոնանկ անելն էր, սակայն այն ժամանակ նա ընդամենը ՀԿ-ի անդամ էր, իսկ այսօր ինքն է իշխանություն ներկայացնում»: