Ապրիլի 28-ին Երուսաղեմի Հրեական համալսարանում Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված սիմպոզիում է անցկացվել:
Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի Պատրիարք Թորգոմ Երկրորդը, Քնեսեթի կոալիցիայի նախագահ Զեէվ Էլկինը, Իսրայելում Հայաստանի հյուպատոս Ցոլակ Մոմջյանը: «Ցեղասպանության զոհերի հիշատակի կարևորությունը ողջ մարդկության համար» խորագրով հիմնական զեկույցով է հանդես եկել պրոֆեսոր Իսրայել Չարնին:
Միաժամանակ ներկաները ընդգծել են հավաքի ապաքաղաքական բնույթը: «Մենք այստեղ հավաքվել ենք նրա համար, որ հարգենք Ցեղասպանության զոհերի հիշատակը: Սա քաղաքական միջոցառում չէ: Հրեական համալսարանը և հայագիտության ամբիոնը որևէ քաղաքան նպատակ չեն հետապնդում»,- NEWSru.co.il-ին հայտնել է սիմպոզիումի կազմակերպիչ, պրոֆեսոր Մայքլ Սթոունը:
Հրեական պետականությունը առաջացել է համաշխարհային պատմության մեջ ամենասարսափելի ցեղասպանությունից հետո, և թվում էր, թե Իսրայելից կարելի է ավելի մեծ ըմբռնողականություն ակնկալել այս հարցում, գրում է պարբերականի թղթակիցը: Սակայն հայերի Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը տարիներով մնում էր իսրայելական արտաքին քաղաքականության գլխավոր տաբուներից մեկը: Այդ քայլը տհաճ ազդեցություն կարող էր ունենալ Երուսաղեմի և Անկարայի հարաբերությունների վրա, որը տարիներով մնում էր Իսրայելի միակ դաշնակիցը:
«Քաղաքականությունը անբարո սկզբունքների վրա կառուցելու փորձը ոչ մի լավ բանի չհանգեցրեց: Մենք մնացինք առանց Թուրքիայի հետ համագործակցության, որը դարձավ մեր թշնամիներից մեկը, և բաց թողեցինք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը»,- հայտարարել է Զեէվ Էլկինը:
Իսրայելի ԱԳ նախարարությունը համաձայնել է, որ Առաջին համաշխարհայինի իրադարձությունների գնահատականը ոչ թե քաղաքական, այլ բարոյական խնդիր է: «Իսրայելը երբեք չի ժխտել հայ ազգի զանգվածային ջարդը: Մենք կիսում ենք հայերի ցավը»,- պարբերականի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մերոմը: