Օրերս ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 30-ամյա բնակիչ Արթուր Բադալյանին, իր իսկ վկայությամբ, փոխանակումից առաջ ադրբեջանցիները ինչ-որ բան են սրսկել, գրում է «Առավոտ» օրաթերթը:
«Նա երկյուղ ունի, որ դա կարող է ճակատագրական լինել իր համար: Հաղարծին գյուղի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Գրետա Ժամհարյանի խոսքով`Արթուրի առողջական վիճակը վատ չէ, նա բուժում է ստանում Երևանում, Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: Մինչդեռ, համագյուղացիների վկայությամբ, Արթուրը նման չէ իրեն, շրջում է մշուշոտ հայացքով: Տավուշի մարզպետարանը նրա ընտանիքին` 20 հազար, իսկ Հաղարծնի գյուղապետարանը` 80 հազար դրամ օգնություն է ցուցաբերել: 2009թ. մայիսի 9-ին Արթուրն իր ընկերների հետ Հաղարծնից գնացել էր Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի անտառ`սունկ հավաքելու: Անտառում մոլորվելով` նա հայտնվել էր Ադրբեջանի տարածքում»: