Ապրիլի 28-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձակված գնդակից ՊԲ ժամկետային զինծառայող Վազգեն Բախշյանի զոհվելուց հետո ևս մեկ դժբախտ պատահար է գրանցվել, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:
Ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ Մարտունու շրջանի զինկոմիսարիատից):
«Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին», – ասված է ԼՂՀ ՊԲ մամուլի հաղորդագրության մեջ: