Մայիսի 1-ը աշխատավորների իրավունքների պաշտպանության օրն է, որ նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև գրեթե ողջ աշխարհում:
Աշխատավորների իրավունքների օրվան ընդառաջ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունն արձանագրում է.
1. Հայաստանում աշխատավորների իրավունքների պաշտպանությունը գտնվում է խայտառակ վիճակում
2. Չի պահպանվում 8 ժամանոց աշխատանքային գրաֆիկը
3. Մեծ ձեռնարկատերերից շատերն ունեն ոչ թե աշխատողներ, այլ «ճորտեր», որոնց աշխատանքից հեռացնելը կարող է կրել զուտ կամայական բնույթ` խախտելով ՀՀ օրենսդրությունը
4. Բազմաթիվ ձեռնարկություններում չեն կնքվում աշխատանքային պատշաճ պայմանագրեր
5. Պետությունը ոչինչ չի անում, որպեսզի աշխատավոր մարդը տեղյակ լինի իր իրավունքներից
6. Աշխատավորի իրավունքներով ի պաշտոնե պետք է զբաղվեն արհեստակցական միությունները, որոնք, որպես կանոն, կամ չկան, կամ էլ սերտաճած են գործատուի հետ, կատարում են նրա քմահաճույքները
«Ավելին, Հայաստանում մայիսի 1-ի տոնակատարությունները կրում են զուտ խորհրդանշական բնույթ, իսկ պետությունն էլ ոչինչ չի անում, որպեսզի շտկի այս ոլորտում առկա անմխիթար իրավիճակը: Մենք` հնչակյան երիտասարդներս, կրելով ընկերվարական հայացքներ, շնորհավորում ենք Հայ Աշխատավորին և փաստում, որ մեր երկրի իրական տերը ոչ թե մեծ ջիփերով և թիկնապահական բանակներով շրջող օլիգարխներն են, այլ Դուք` Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիները, ովքեր իրենց արդար քրտինքով են վաստակում հանապազօրյա հացը` կրելով բազում զրկանքներ»,- ասված է միության հաղորդագրության մեջ: