Վրաստանի հայկական սփյուռքը հերթական անգամ դիմել է երկրի ղեկավարությանը Օսմանյան կայսրության օրոք իրականացված Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով: Դիմում-խնդրանք են ստացել նաև խորհրդարանի պատգամավորներ հանդիսացող էթնիկ հայերը, որոնք մտադիր են բաձրացնել այս հարցը վրացական խորհրդարանում:
«Մենք` երեք էթնիկ հայ խորհրդարանականներս, այս տարի առաջին անգամ դիմում ենք ստացել հայկական սփյուռքից, որի միջոցով հայերը խնդրում են խորհրդարանում բարձրացնել Հայոց Ցեղասպանության հարցը: Մենք համապատասխան հայցադիմում կնախապատրաստենք խորհրդարանի նախագահի անունով: Վրաստանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը մենք անուշադրության չենք մատնի»,- «Кавказский узел» պարբերականի թղթակցին հայտնել է վրացական խորհրդարանի պատգամավոր Արմենակ Բայանդուրյանը:
«Վրաստանը դեռևս պատրաստ չէ այս հարցը քննարկման դնելուն, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի համար մեծ կարևորություն ունեցող գործընկերներից են: Թուրքիայի հետ Վրաստանը առևտրային հարաբերություններ ունի, Ադրբեջանի հետ` էներգետիկ ծրագրեր: Եթե Վրաստանը սկսի այս հարցի քննարկումը, կարող է շրջափակման մեջ հայտնվել»,- հայտարարել է «Քրիստոնյա-դեմոկրատներ» խմբակցության ներկայացուցիչ Լևան Վեխվաձեն:
«Վրաստանում պետք է հատուկ հանձնաժողով ստեղծվի, որն էլ կորոշի, եղել է արդյոք Ցեղասպանություն»,- կարծում է «Ազատ Վրաստան» քաղաքական շարժման առաջնորդ Կախա Կուկավան:
«Չեմ կարծում, որ նման հանձնաժողով ստեղծվի, քանի որ Վրաստանի իշխանությունները ղեկավարվում են դրսից և վարվում են այնպես, ինչպես իրենց թելադրում են: Նրանք արդեն արհամարհել են այդ տարեթիվը, քանի որ զբաղված են իրենց համար կարևոր հարցերով, և ոչ թե բնակչության կարիքներով, առավել ևս էթնիկ փոքրամասնությունների»,- նշել է Կուկավան: Իր հերթին, ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները հայերի Ցեղասպանությունը չճանաչելու մասին պահանջ են ներկայացրել Վրաստանի իշխանություններին:
«Էթնիկ aդրբեջանցիները Վրաստանում պաշտպանում են իրենց երկրի տարածքային ամբողջականությունը, որի 20 տոկոսը հայերը բռնագրավել են և դեմ են հանդես գալիս ահաբեկչությանը և անջատողականությանը: Ինչ վերաբերում է հայերին, պետք է հիշել Լեռնային Ղարաբաղը: Հայաստանում ոչ մի ադրբեջանական ընտանիք չի ապրում, բոլորն արտաքսվել են այնտեղից»,- ասել է Վրաստանում Ադրբեջանցիների Կոնգրեսի ղեկավար Ալի Բաբաևը:
Նշենք, որ վրացական խորհրդարանին դիմելու նախաձեռնությունը պատկանում է «Վրաստանի հայերի համայնք» հասարակական կազմակերպությունը: