Այսօր ժամը 14:28-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկից դուրս եկավ քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը: Մուտքի մոտ նրան սպասում էին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, տասնյակ ակտիվիստներ, ովքեր ծափողջույններով և շամպայնով դիմավորեցին Բարեղամյանին, հաղորդում է Epress.am-ի թղթակիցը:
14:00-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատական նիստ էր կայացել, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվել էր Բարեղամյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակելու մասին: Մոտ 30 րոպեի ընթացքում Բարեղամյանը ստորգրեց անհրաժեշտ փաստաթղթերը և դուրս եկավ «Սևան» ՔԿՀ-ից:
«Ես արդեն վաղվանից պայքարի մեջ եմ լինելու, պայքարելու եմ, որպեսզի իշխանափոխություն լինի», – հայտարարել է Բարեղամյանի ՔԿՀ-ի մուտքի մոտ:
Նշենք, որ դեռևս ապրիլի սկզբին «Սևան» քրեակատարողական հիմնարկի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով վարչական հանձնաժողովը Բարեղամյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունն ուղարկել էր միջգերատեսչական անկախ հանձնաժողով: Հանձնաժողովը բավարարել էր միջնորդությունը, որի արդյունքում էլ այսօր Բարեղամյանը ազատ արձակվեց:
Արամ Բարեղամյանը 2008 թվականի նախագահական ընտրություններին եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի Հրազդան քաղաքի նախընտրական շտաբի պետ: 2008 թվականի հուլիսի 14-ին Երևանի քրեական դատարանի կողմից դատապարտվել է վեց տարվա ազատազրկման 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը): Համաներումը նրա վրա չի կիրառվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ընթացքում ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ավելի վաղ իրենց կողմից ներկայացված երեք պահանջներից երկուսը՝ մարտի 1-ի դեպքերը հետաքննելու պատրաստակամություն և Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվություն, արդեն կատարվել են: Երրորդ պահանջը՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելը, համաձայն ընդդիմության պետք է կատարվի մինչև մայիսի վերջ: Արամ Բարեղամյանին ազատելուց արձակելուց հետո անազատության մեջ կմնա 6 քաղբանտարկյալ: Նշենք նաև, որ ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով քննարկել քաղբանտարկյալ Սասուն Միքաելյանին ներում շնորհելու հնարավորությունը: