Կառավարության շենքի առջև այսօր հավաքվել և ակցիա էին իրականացնում Արարատի մարզի ջերմոցային տնտեսություն ունեցող ֆերմերները, ովքեր բողոքում էին Թուրքիայից բանջարեղենի ներկրման դեմ, ինչը, նրանց խոսքերով, գնային անհավասարություն է ստեղծում տեղական արտադրողի համար:
Քաղաքացիների բողոքին արձագանքել են «Ժառանգություն» կուսակցությունից, որի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը գտնվում էր շենքի առջև:
«Քաղաքացիներից մեզ զանգահարել էին, ներկայացրել խնդիրը, և մենք եկանք այստեղ: Տեղում ծանոթացանք իրավիճակին և որոշում կայացրինք հանդիպել Կառավարության ներկայացուցիչներից որևէ մեկի հետ: Զանգահարեցի վարչապետի աշխատակազմի ղեկավար պարոն Դավիթ Սարգսյանին, ինքը մեզ ընդունեց, ինչը իմ կողմից ողջունելի է, քանի որ շատ արագ արձագանք ստացանք և ընդունեցին քաղաքացիներին: Քաղաքացիները հանդիպման ժամանակ ներկայացրեցին խնդիրները, բացատրեցին Սարգսյանին, ինչի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ինքը երեկոյան ինձ հետ կապնվի և ասի` ինչ որոշում կայացվեց»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով` բավական բարդ իրավիճակի առջև են հայտնվել այսօր ջերմոցային արտադրություն ունեցողները, քանի որ Հայաստան ներմուծվում է մեծամասամբ թուրքական բանջարեղեն, որոնց գինը շատ ավելի ցածր է, քան տեղի արտադրողը վաճառում է:
Epress.am-ը զրուցել է նաև Արարատի մարզից եկած ֆերմերներից Վարդան Պողոսյանի հետ, ով ներկայացրել է իրենց խնդիրը և պահանջը կառավարությանը:
«Թուրքական արտադրանքի պոմիդորը և բանջարեղենը ներմուծվում է շատ էժան գնով և տեղական արտադրողի համար անհավասար պայմաններ են ստեղծվել, քանի որ մեր տեղական լոլիկի ինքնարժեքը գազի սակագների բարձրացման, ջրի, սերմնացուի, պարարտանյութի գների պատճառով արդեն 600 դրամ է, թուրքական պոմիդորը շուկաներում վաճառվում է 600 դրամով: Մենք էլ որ այդ գնով վաճառենք, մեզ օգուտ չի մնա: Պետք է կառավարությունը կարողանա վերահսկել ներմուծումը, պետք է օրինական ճանապարհով ներմուծեն»,- ասել է նա:
Պողոսյանը նշել է, որ չգիտի, թե ովքեր են ներմուծողները` «ով ուզում, բերում ա»:
«Մնում ա մենք էլ սաղ թողնենք, գնանք բերենք», – հայտարարել է Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ջերմոցային տնտեսությունների ղեկավարները պարբերաբար բողոքում են թուրքական բանջարեղենի ներմուծման դեմ` նշելով, որ ներկրվող մթերքը հաճախ անօրինական են մաքսազերծում և հնարավորություն ստանում էժան վաճառել այն: