Այսօր ժամը 14.30 «Սևան» ՔԿՀ-ից ազատ արձակվեց ՀՀՇ վարչության անդամ, քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը: Քաղբանտարկյալին քրեակատարողական հիմնարկի մոտ ծափողջույններով դիմավորեցին Հայ Ազգային Կոնգրեսի բազմաթիվ ակտիվիստներ, նրա հարազատներն ու ընկերները:
Այնուհետև հավաքվածները ավտոերթով ուղևորվեցին դեպի Հրազդան քաղաք: Ճանապարհին մեքենաները մի քանի պտույտ տվեցին Հրազդանի հրապարակում` երկար ազդանշանելով, այնուհետև Բարեղամյանին ողջունեցին վանատուրցիները, իսկ արդեն վերջում տան մոտ նրան դիմավորեցին հարևանները:
Քաղբանտարկյալի տան մոտ ոչխար մորթեցին և բոլորին հրավիրեցին կիսելու իրենց ուրախությունը: Նշենք նաև, որ երբ փողոցներում կանգնած հրազդանցիները տեղեկանում էին, որ ազատ է արձակվել Արամ Բարեղամյանը` նրանք ավտոերթի մասնակիցներին ևս ողջունում էին` բռուցքները պարզելով:
Լրագրողների հետ զրուցում Արամ Բարեղամայնն ասաց, որ իր առաջին գործը լինելու հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դնել մարտի մեկի զոհերի հիշատակին և միանալ ժողովրդական պայքարին` վերջնական հաղթանակի հասնելու համար: