Home / Հայաստան / Լրագրողը չի ցանկանում, որ իր էլիտան լինի Սամվել Ալեքսանյանը

Լրագրողը չի ցանկանում, որ իր էլիտան լինի Սամվել Ալեքսանյանը

Քաղաքական էլիտայի ներկայացուցիչները ձեռք ձեռքի տված դատի են տալիս լրատվամիջոցներին, իսկ լրատվամիջոցները չեն համախմբվում, և պրոֆեսիոնալ համերաշխության դրսևորում չի նկատվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԶԼՄ-ների մասին, այսպես է ասել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Հանդիպմանը ներկա էր նաև «Հետաքննող լրագրողներ» հ/կ նախագահ Էդիկ Բաղդասարյանը, ով իր կարծիքն է հայտնել այն հայ օլիգարխների մասին, ովքեր վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են ներկայացրել:

«Եկեք համաձայնվենք, որ օրենքի խնդիր երբեք չունենք: Երբ Սամվել Ալեքսանյանը զբաղված է անօրինականությամբ` լինելով գործարար, նա իրավունք չունի լինել ԱԺ-ում: Երկրի նախագահը նրան նշանակել է պատգամավոր: Հայկական էլիտան նշանակովի է: Պատկերացնո՞ւմ եք Տիգրան Արզաքանցյանը (ԱԺ պատգամավոր, գործարար, դատի է տվել Երկիր օրաթերթին) մեզ համար օրենքներ է  գրում: Ես չեմ ուզում, որ Սամվել Ալեքսանյանը լինի իմ էլիտան, կամ պատգամավորը լրագրողին գա ասի` իսկ դուք չե՞ք ուզում իմ տղայից հղիանալ (նկատի ունի ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պատասխանը «Հայկական ժամանակ» օրաթերթի լագրողին)»,- ասել է Էդիկ Բաղդասարյանը:

Նրա խոսքով` վատ է, որ լրագրողները սա հանդուրժում են: Նա նշել է, որ եթե պատգամավորները  դիմում են դատարան, ապա կա քաղաքական որոշում, դա որոշվել է վերևներում, և դատարանից արդարադատություն սպասել հնարավոր չէ: