ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի ավագ տեղակալ Ռոբերտա Մահոնին ապրիլի 30-ին Հայաստան է ժամանել քառօրյա աշխատանքային այցով, որի ընթացքում հանդիպել է ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, գործընկեր կազմակերպությունների և Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններն ու ԱՄՆ օժանդակության ծրագրերը ժողովրդավարության, տնտեսական աճի, առողջապահական ու սոցիալական բարեփոխումների բնագավառներում, ինչպես նաև Հայաստանի զարգացման մարտահրավերները:
Տիկին Մահոնին Երևանում այցելեց ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող մի քանի ծրագրեր, ներառյալ` Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնը և Կանանց աջակցության կենտրոնը, որը ծառայություններ է տրամադրում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և նրանց ընտանիքներին:
ԱՄՆ ՄԶԳ-ն այս տարի Հայաստանին կտրամադրի 27 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն` ուղղված աղքատության կրճատմանը, օրենքի գերիշխանության իրագործմանը, առողջապահական ծառայությունների և սոցիալական նպաստների հասանելիությանը, ինչպես նաև մասնավոր հատվածի և ենթակառուցվածքի հզորացմանը, հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: