Home / Հայաստան / Հայաստանյան ԶԼՄ-ները հիմնականում սպասարկում են քաղաքական համակարգը. կարծիք

Հայաստանյան ԶԼՄ-ները հիմնականում սպասարկում են քաղաքական համակարգը. կարծիք

Այսօր` մամուլի ազատության համաշխարհային օրը, ոլորտի ներկայացուցիչները լրագորղների հետ հանդիպման ժամանակ նշել են, որ Հայաստանում խոսքի ազատությունը գտնվում է կիսազատից դեպի ոչ ազատ վտանգավոր եզրագծում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշել է, որ հետխորհրդային ժամանակահատվածում լրատվամիջոցների աշխատանքում արձանագրվել են  և’ վերելքներ, և’ հետընթաց, սակայն վերջին ժամանակներում ռեգրեսիվ միտումներ են նկատվում:

«Մասնավորապես, տպագիր մամուլի դեմ  ակտիվ քայլեր են ձեռնարկում քաղաքական շրջանակների կարկառուն ներկայացուցիչները»,- ասել է Մելիքյանը` հավելելով, որ այս քայլով նրանք ցանկանում են, որ լրատվամիջոցները ավելի կառավարելի լինեն և ապացուցում են, որ քննադատություն չեն ընդունում:

«Հետաքննող լրագրողների» հ/կ-ի նախագահ, «Հետք» կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն էլ իր խոսքում նշել է, որ ազատության սահմանը որևէ մեկը չի սահմանում:

«Դա ամեն մի լրագրողի մեջ է և ամեն մեկն ինքն է որոշում իր ազատության չափ ու սահմանը, և որևէ մեկը լրագրողին չի կարող պարտադրել որևէ նյութ գրել», – նշել է  բանախոսը:

Որպես լուրջ խնդիր Բաղդասարյանը նշել է այն փաստը, որ պետական մարմինների, կառավարության  դռները փակ են լրատվամիջոցների համար և նրանք չեն կարողանում տեղեկատվություն ստանալ, օրինակ, կոռուպցիայի մասին: Հաջորդ խնդիրը, Բաղդասարյանի խոսքով, լրատվամիջոցներում գովազդ տեղադրելու խնդիրն է, որը ևս հիմնականում կատարվում է քաղաքական որոշման արդյունքում:

Բանախոսը նշել է, որ այսօր լրագրողական համայնքի ամենալուրջ խնդիրն այն է, որ լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը դարձել են քաղաքական համակարգի մաս և սպասարկում են տարբեր քաղաքական շրջանակների: