ԶԼՄ-ների ակցիայի շրջանակներում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ապրիլի 23-ին նամակ է ուղարկել «168 ժամ» պարբերականը: Փաշինյանը նամակը ստացել է ապրիլի 26-ին, այսօրվա համարում պարբերականը տպագրել է նամակի պատասխանը: Ներկայացնում ենք Փաշինյանի պատասխանը հարցերից մեկին:
– Վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեման իշխանությունների և ՀԱԿ-ի միջև հնարավոր երկխոսության հնարավորությունն է, որի մասին քո կարծիքը բազմիցս արտահայտել ես`երկխոսություն հնարավոր է միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ: Հերթական խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարուց քիչ ժամանակ, և իշխանությունների քայլերն ակնհայտորեն ուղղված են ներքաղաքական զարգացումները հերթական ընտրությունների նախընտրական փուլ հասցնելուն: Եթե իշխանությունների հետ երկխոսությունը` միակ հնարավոր հարցի` արտահերթ ընտրությունների վերաբերյալ, այդուհանդերձ, տեղի չունենա, քո կարծիքով`որոնք պետք է լինեն ՀԱԿ-ի հետագա քայլերը: Հնարավոր համարում ես ՀԱԿ-ի կողմից հերթական խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու հնարավորությունը:
– Երկխոսությամբ թե առանց երկխոսության` Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի Հանրապետության և ժողովրդի առաջ ունի մեկ գլխավոր պարտավորություն, երկիրը ազատել ապօրինի իշխանություններից, իշխանության ձևավորման բացառիկ իրավունքը վերադարձնել ժողովրդին, սա անել հնարավորինս անցնցում, բայցև`առանց սեթևեթանքի: Այս խնդրի լուծումն օր օրի առավել հրատապ է դառնում, որովհետև Հայաստանը հատել է հնարավոր գրեթե բոլոր հասարակական աղետների շեմը. տնտեսական, բարոյական, ժողովրդագրական բոլոր միջոցները`նպատակի իրագործման համար: Նաև այս համատեքստում բացառում եմ համապետական որևէ ընտրություն բոյկոտելու տարբերակը: Ընդհակառակը` ցանկացած համապետական ընտրության պետք է ավելի լավ նախապատրաստվի Կոնգրեսը` հերթական լինի այդ ընտրությունը, թե արտահերթ: Ի վերջո` մեր նպատակն ազատ, օրինական ընտրությունների միջոցով պերմանենտ իշխանափոխության կայուն ավանդույթի ձևավորումն է Հայաստանում: Սա ժողովրդավարության էությունն է, հիմքերի հիմքը: Եվ տարօրինակ կլիներ, եթե այդ նպատակի իրագործման ճանապարհին մենք հրաժարվեցինք ընտրություններին մասնակցելուց: Նույնն է թե` հանուն խոսքի ազատության դադարեցնենք թերթ հրտարակելը: Հերթական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մի ձև կա. հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը, և Կոնգրեսն իրենից կախված ամեն ինչ պետք է անի`այս տարբերակով հերթական ընտրություններին մասնակցությունը բացառելու համար: Բայց չպետք է մոռանալ, որ արտահերթ ընտրությունները ոչ թե նպատակ են, այլ միջոց: Չի կարելի միջոցն իրագործելու վրա ուժերը պարպելու անխոհեմություն ցուցաբերել, որովհետև անհաջողության պարագայում նպատակը կդառնա անիրագործելի: Նախագահական արտահերթ ընտրությունների հնարավորությունը վերջին շրջանի պրոցեսների արդյունքում էականորեն մեծացել է: Երկխոսությամբ թե առանց երկխոսության, մենք պետք է Հայաստանն ազատենք ավազակապետությունից: