Ես չեմ համարում, որ ՀԱԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժ է, այն ընդդիմադիր քաղաքական թիմ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
«Չեմ կարծում, որ ՀԱԿ-ը կցանկանա որևէ մեկին պարտական լինել: Իրենք հասան իրենց նեղ ցանկություններին, որն իրենց թիմին էր վերաբերում: Իշխանությունը տարօրինակ դիրք է գրավել, իբրև զիջում է», – ասել է Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ ՀԱԿ-ի և իշխանությունների պայմանավորվածությունը եղել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների վերաբերյալ.
«15 պատգամավոևրից ավելի չեն տա, կամ 14,5: 14-ը` ՀՀՇ-ին, կեսն էլ Ստեփան Դեմիրճյանին, քանի որ ինքը չի պահում իր քաղաքական գիծը: Դե խոռ ա, երգում են», – հայտարարել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով` իշխանությունն ու ընդդիմությունը վախենում են, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ:
«Ժողովուրդը կարող է հիասթափվել բոլորից, այս պահին էլ խորը հիասթափություն է ապրում: Եթե ժողովուրդն ուզում է, որ ՀՀՇ-ն գա իշխանության, ես ոչ մի մեկնաբանություն չունեմ: Բոլորը գիտեն, որ կա մի մեծ զանգված, որ չի ուզում Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին, և այդ ժողովուրդը կգա մեզ հետ», – ասել է Կարապետյանը` նշելով, որ Ժողովրդական կուսակցությունը կարող է այլընտրանքային քաղաքական ուժ լինել:
Կարապետյանի համոզմամբ` երրորդ ուժը հիմա անհրաժեշտություն է Հայաստանի համար:
«Փաստ է, որ այսօր դաշտում միայն նախագահներն են խաղում: Ռոբերտ Քոչարյանին մտցրեք քաղաքական դաշտ, որ իրար հետ շախմատ խաղան», – ասել է ԺԿ առաջնորդը: