«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան, բլոգեր Սուրեն Սուրենյանցը խոսել է քաղաքական վերջին զարգացումների մասին, մասնավորապես, ՀԱԿ-ի կողմից առաջադրված երեք պահանջների կատարման ընթացքի և «Ժառանգություն» կուսակցության դերակատարման մասին: Հիշեցնենք, որ ապրիլի 28-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ընթացքում ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ավելի վաղ իրենց կողմից ներկայացված երեք պահանջներից երկուսը՝ մարտի 1-ի դեպքերը հետաքննելու պատրաստակամություն և Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվություն, արդեն կատարվել են: Երրորդ պահանջը՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելը, համաձայն ընդդիմության պետք է կատարվի մինչև մայիսի վերջ: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երեք պահանջներն են` Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության հեղինակում, Հայաստանի կողմից միջազգային քրեական դատարանի իրավասության ճանաչում, Հայաստանի նախագահը ստորագրության հետկանչով չեղյալ հայտարարել հայ-թուրքական արձանագրությունները և ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
– Տպավորություն կա, որ ընդդիմության երկու կողմերը ճնշում են իշխանություններին`ՀԱԿ–ը պահանջներ էր դնում, հիմա էլ միացավ «Ժառանգությունը» իր պահանջներով: Ձեր կարծիքով`ճնշվո՞ւմ են իշխանություններն այս պահանջների տեղատարափի պատճառով:
– Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան ձեռնարկել, դրա համար տարբեր գործոնների կան: Դիմացը ընտրություններ են, և իշխանությունը փորձում է քիչ թե շատ քաղաքակիրթ երևալ, կա միջազգային կառույցների գործոնը, և վերջապես, գուցե իսկապես իշխանությունը անկեղծորեն է որոշել քիչ թե շատ բարեփոխվել: Ես չէի ուզենա նույն հարթության մեջ դիտարկել ՀԱԿ-ի և «Ժառանգության» պահանջները: Ես ՀԱԿ-ի փաստաբանը չեմ, բազմաթիվ հարցերում նույնիսկ տարաձայնություններ ունեմ ՀԱԿ-ի հետ, բայց ՀԱԿ-ի պահանջները շատ համարժեք են և տեղավորվում են քաղաքական ճգնաժամի հաղթահարման տրամաբանության մեջ: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները բացարձակապես կապ չունեն այսօրվա քաղաքական իրականության հետ:
– Դուք տպավորություն չունե՞ք, որ այսօր իշխանությունը և ՀԱԿ–ը իրար ավելի շատ են «սիրում» , քան կոալիցիայի մյուս երկու ուժերը:
– Սիրել-չսիրելը քաղաքական կատեգորիա չէ, սակայն քաղաքականության մեջ լուրջ և պատասխանատու դերակատարներն իրար ավելի շատ և ավելի լավ են հասկանում, քան ավելի նվազ դերակատարություն ունեցող ուժերը: Բնականաբար, ինչքան մեծ է քաղաքական ուժերի պատասխանատվությունը, այնքան նրանց վարքագիծը կանխատեսելի է: Այս առումով, ՀԱԿ-իշխանություն հարաբերությունները կանխատեսելի են, և նրանց գործողություններն ավելի ներդաշնակ կարող են լինել:
– Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր–Պետրոսյանը իրար արժանի՞ խաղընկերներ են:
– Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական մասշտաբը, քաղաքական կալիբրը, որպես արժեքային համակարգի կրող, որպես երկրի առաջին նախագահ, շատ ավելի մեծ է, բայց իրենց կարող են երկխոսության սեղանի շուրջ արժանի գործընկերներ լինել: Ի վերջո, համատեղ շատ երկար ճանապարհ են անցել, իրար շատ լավ ճանաչում են և ցանկության դեպքում կարող են շատ արագ լուծումներ գտնել: