ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Հիսասու Տոկունագային:
Նախագահը մեկ անգամ ևս ցավակցություն է հայտնել ս.թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ` նշելով, որ, ցավոք, 1988թ. հայ ժողովուրդը նույնպես բնության այդ աղետի սարսափելի հետևանքներն իր վրա զգացել է: Հանրապետության ղեկավարի խոսքով, թերևս, դա է պատճառը, որ հայ ժողովուրդն ավելի ծանր ընդունեց Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգությունը:
«Մենք հիացած ենք ձեր ժողովրդի արիությամբ և տոկունությամբ` ճակատագրի այդ ծանր հարվածը կրելիս: Իհարկե, ուշադրությամբ հետևում ենք Ճապոնիայի կառավարության գործադրած ջանքերին՝ Ֆուկուսիմա-1 ատոմակայանի վթարի հետևանքների վերացման ուղղությամբ և լիահույս ենք, որ ձեզ կհաջողվի չեզոքացնել բոլոր հետևանքները»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը հույս է հայտնել, որ Ճապոնիայի համար այս ծանր ժամանակաշրջանը չի խանգարի երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ աշխատանքը շարունակելուն, որի նպատակով դեռևս անցյալ տարվա հունիսին Տոկիոյում բացվել է Հայաստանի դեսպանություն:
Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարարը վստահեցրել է, որ Ճապոնիան պատրաստակամ է Հայաստանում շարունակել իր աջակցության ծրագրերը: Հիսասու Տոկունագան նշել է, որ ի պաշտոնե առաջին անգամ է այցելում Հայաստան և վստահ է, որ այցի շրջանակներում ունեցած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: