Մայիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը /Բուլղարիա/ և Մարիուս Պուոդզիունասը /Լիտվա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը /Ռուսաստան/:
Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը /Հունգարիա/ և Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Մայքլ Օ’Քոնորը /Իռլանդիա/:
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: