Ավազակապետության կազմաքանդումը և օլիգարխների ձեռքից պետությունը` պատանդի կարգավիճակից ազատելու գործը կարող է ստանձնել միայն զանգվածային ժողովրդավարական շարժումը, որն իր հեղինակությունն ու ազդեցությունը ստանում է բացառապես ժողովրդական զանգվածների աջակցությունից: Այս մասին ասված է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հայտարարության մեջ:
«Ձախողված և սպառված ռեժիմն այսօր ոչինչ չունի տալու ժողովրդին, բացի հեռանալուց և դրանով իսկ ժողովրդավարական ազատությունների և արտահերթ ժողովրդավարական ընտրությունների անցկացման հնարավարություն ստեղծելուց:
Երկրում ստեղծված ծանր վիճակը և փետրվարից սկիզբ առած հանրահավաքների մարդաշատությունը և վճռականությունը ապացուցել են գործող իշխանություններին, որ ժամանակն է երեք տարվա հալածանքի և անտեսման քաղաքականությունից անցնել դեպի զիջումների և երկխոսության քաղաքականություն», – ասված է հայտարարության մեջ:
Ըստ Զուրաբյանի` ժողովուրդը, սակայն, չպետք է կորցնի իր զգոնությունը. այս քաղաքականության շարունակության ապահովման և Շարժման առջև դրած բոլոր նպատակների իրագործման միակ երաշխիքը հանրահավաքների մարդաշատությունն է, ժողովրդի ակտիվությունը և վճռականությունը:
«Մենք կոչ ենք անում ամբողջ հասարակությանը և ժողովրդին գիտակցելու, որ համաժողովրդական շարժման հաջողությունները ամրապնդելու և զարգացնելու միակ հնարավորությունը անվերապահ նվիրվածությունն է երկրում ժողովրդավարության հաստատման պայքարին և հարյուր հազարավոր մարդկանց ներգրավվածությունը այս խոստումնալից քաղաքակն գործընթացների մեջ», – նշում է հայտարարության հեղինակը: