Գնահատման և տեստավորման կենտրոնն արդեն ամփոփել է այս տարվա ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի դիմորդների տվյալները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննությունների մասին պատմել է Գնահատման և տեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը:
Վերջինս տեղեկացրել է, որ ընդհանուր դիմորդների թիվը 1209 է, ամենից շատ դիմորդները եղել են Երևանից` 320, ապա Շիրակի մարզից` 143: Նասիբյանը նշել է, որ այս տարի անակնկալ է գրանցվել. Վայոց ձորի մարզից դիմել է 66 մարդ, մինչդեռ նախկինում այս մարզից մշտապես թվով ամենաքիչ դիմորդներն են եղել: Նշենք նաև, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դիմել է 80 մարդ:
Բանախոսը նաև ասել է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվը քիչ է, իսկ պատճառն այն է, որ այս տարի շրջանավարտներ չկան:
«Այս տարի ընդունելության միասնական քննություններին մասնակցում է 28 պետական բուհ, և առաջին անգամ մասնակցում են 40 մասնավոր բուհեր: Դիմորդներից 690 հոգի մասնակցելու է հայոց լեզվի և գրականության քննությունների, 544` մաթեմատիկայի, 363` անգլերենի, 249` ֆիզիկայի քննություններին: Եթե նախկինում քննություններիի ընթացքում ներկա են եղել դրսից մասնագետներ, ապա այս տարի ներկա են լինելու միայն ԳԹԿ-ի աշխատակիցները»,- տեղեկացրել է Նասիբյանը:
Խոսելով նաև տեստերի կազմելու կարգի մասին` նա հավաստիացրել է, որ այս տարի այդ աշխատաքներում ընդգրկվել են լավագույն մասնագետները և մեկ փորձագետ, որին ճանաչում է միայն ինքը:
Նասիբյանը նշել է, որ դիմորդը 30 առաջադրանքներին դրական պատասխանելու դեպքում կստանա 7,5 միավոր, որը նվազագույն շեմն է և այդ շեմը չի իջել նախորդ տարիների համեմատ:
Նշենք, որ այս տարի բուհերը հատկացնելու են 18.500 վճարովի տեղ և 2428 անվճար տեղ: