Home / Հայաստան / Դատավորն ըստ էության չպատասխանեց Փաշինյանի հարցին. հայցի քննությունը հետաձգվեց

Դատավորն ըստ էության չպատասխանեց Փաշինյանի հարցին. հայցի քննությունը հետաձգվեց

Այսօր 12:00-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունն ընդդեմ «Կոշ» ՔԿՀ-ի հետաձգվել է:

Հիշեցնենք, որ Փաշինյանը ՀՀ վարչական դատարանից պահանջել է չեղյալ համարել «Կոշ» ՔԿՀ պետի 2010 թվականի նոյեմբերի 16-ին կայացրած` իրեն կարգապահապան տույժի ենթարկելու մասին որոշումը:

Ավելի վաղ Epress.am-ի թղթակիցը «Արթիկ» ՔԿՀ-ից հայտնել էր, որ բանտի անցագրային կետում լրագրողներին և օպերատորներին թույլ չէին տվել ներս մտցնել տեսախցիկներն ու լուսանկրարչական սարքերը` պատճառաբանելով, որ դա դատավորի որոշումն է:

Դատական նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը դիմել է դատավորին` պահանջելով թույլ տալ լրագրողներին նկարահանել նիստի ընթացքը: Դատավոր Ռոբերտ Սարգսյանը նշել է, որ ինքն արգելելու որոշումը չի կայացրել: Արդեն դատական նիստի ավարտից հետո «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցը լրագրողներին հարցին ի պատասխան ասել է. «Թող դատավորը իմ դեմը ասի, որ որոշում չի կայացրել»: Լրագրողներին փաստորեն այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ով է որոշման հեղինակը:

Նիստի ընթացքում Փաշինյանը նշել է, որ վարչական դատարանն իրավունք չունի արտագնա նիստ անցկացնել, քանի որ դա արգելված է դատարանի կանոնակարգով: Նիստն իրականում պետք է անցկացվի ոչ թե «Արթիկում», այլ վարչական դատարանի շենքում: «Ինձ համար կարևոր չէ վայրը, ինձ հետաքրքրում է, որ ամեն ինչ օրենքի համաձայն լինի», – ասել է Փաշինյանը:

Դատավորն ըստ էության չի պատասխանել Փաշինյանին` ասելով. «Մենք Ձեր ներկայությունն ապահովել ենք դատական նիստին»:

Քաղբանտարկյալը նաև նշել է, որ այս գործով իր շահերը պաշտպանող փաստաբան ներգրավված չէ: Ռոբերտ Սարգսյանն ասել է, որ Փաշինյանը կարող է երկշաբաթյա ընթացքում փաստաբանի ներգրավման մասին միջնորդություն ներկայացնել, որից հետո նոր դատական նիստ կնշանակվի:

Ռոբերտ Սարգսյանը հետաձգել է դատական նիստը: Նիկոլ Փաշինյանին արագ դուրս են բերել դահլիճից, և լրագրողները չեն հացրել շփվել նրա հետ: Նա միայն բարձրացրել է բռունցքը և ասել. «Պայքար, պայքար մինչև վերջ»:

14:00-ին նույն դահլիճում կմեկնարկի Փաշինյանի գործով ևս մեկ դատական նիստ: Այս դեպքում Փաշինյանը ՀՀ վարչական դատարանից պահանջում է չեղյալ համարել «Կոշ» ՔԿՀ պետի 2010 թվականի սեպտեմբերի 28-ին կայացրած` իրեն կարգապահապան տույժի ենթարկելու մասին որոշումը:

Tekali Taxi