Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Կազանում անցկացվող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ¼ եզրափակիչ փուլում այսօր իր երկրորդ պարտիան անցկացրեց:
Այս անգամ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ նա մրցում էր սև ֆիգուրներով: Երեկվա պարտիայում շախմատիստները 70 քայլից հետո համաձայնեցին կիսել միավորը, սակայն այսօր ամեն ինչ շատ ավելի արագ ավարտվեց: Շախմատիստները ոչ-ոքիի համաձայնեցին արդեն 22-րդ քայլին:
Այս պահի դրությամբ ավարտվել է ևս երկու պարտիա:
Ամերիկացի Գատա Կամսկին սևերով պարտության է մատնել բուլղարացի Վեսելին Տոպալովին և երկու պարտիայից հետո առջևում է 1,5:0,5 հաշվով: Իսրայելցի Բորիս Գելֆանդի և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի պարտիան ոչ-ոքի է ավարտվել, և այս հակամարտությունում հաշիվը 1:1 է:
Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի պարտիան այս պահին շարունակվում է: