Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 6-ին Ստեփանակերտ է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին ասված է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքում:
Օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Նախագահներն այցելել են օդանավակայանի համալիր և ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման և ապագա գործարկման առիթով Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն իրեն իրավունք է վերապահում վերացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ցանկացած ինքնաթիռ: Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Մամեդովի խոսքերն անպատասխանատու են:
Այնուհետև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը դառնալու է Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը, որից հետո Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովը հայտարարել էր, որ «Ադրբեջանը երբեք ուժ չի կիրառել և չի կիրառի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ»: