Այսօր ժամը 14:00-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կայացավ Փաշինյանի գործով ևս մեկ դատական նիստ: Այս դեպքում Փաշինյանը ՀՀ վարչական դատարանից պահանջում էր չեղյալ համարել «Կոշ» ՔԿՀ պետի 2010 թվականի սեպտեմբերի 28-ին կայացրած` իրեն կարգապահական տույժի ենթարկելու մասին որոշումը:
Ինչպես և նախորդ նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս գործում ևս իր շահերը պաշտպանող փաստաբան ներգրավված չէ: Փաշինյանի խոսքով` իրեն հնարավորություն չի տրվել համապատասխան լիազորագիր հանձնել, քանի որ փաստաբանի հետ հանդիպման ժամանակ արգելում են որևէ փաստաթուղթ փոխանցել:
Նիստի ընթացքում ՔԿՀ-ի վարչության իրավաբաններից մեկը հարցրել է Փաշինյանին, թե ինչու ինքն ավելի վաղ հանդես չի եկել համապատասխան դիմումով, որին քաղբանտարկյալը պատասխանել է, որ բազմիցս է դիմումներ գրել տարբեր հարցերով, սակայն իր բոլոր դիմումները կորցնում են:
«Եթե գտնեք իմ բոլոր դիմումները, ես ձեզ մաղարիչ կանեմ», – ասել է Փաշինյանը:
Նա պահանջել է թույլ տալ իրեն օգտվել իրավական օգնություն ստանալու իրավունքից: Դատավոր Ռոբերտ Սարգսյանը բավարարել է միջնորդությունը` հետաձգելով դատը: Հաջորդ դատավարության օրն առայժմ չի հայտարարվել:
Նշենք, որ, ինչպես և նախորդ նիստին, այս անգամ ևս լրագրողներին արգելեցին լուսանկարել կամ տեսագրել նիստի ընթացքը: