Facebook սոցիալական ցանցում «Մենք չենք կռանում երթուղայինում» խումբ է ստեղծվել, որը նախատեսում է առաջիկայում ակցիաներ սկսել, որոնց բնույթն առայժմ չի մանրամասնվում:
Խմբի անդամները գրում են, որ այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, և այս փուլում անհրաժեշտ են լինելու կռացած ուղևորներով լի և կռանալու պրոցեսը նկարագրող ֆոտոներ և վիդեոներ:
«Եթե կան մարդիկ, որ կարող են օգնել այս հարցերում, խնդրում եմ օգնել (ֆոտոները կարող են լինել ինչպես դրսից նկարված, այնպես էլ` ներսում): Առաջիկայում նաև կտեղեկացնենք, թե կոնկրետ ինչպիսի ակցիաներ են նախապատրաստվում, եթե կան այլ առաջարկություններ, խնդրում եմ այստեղ գրել դրանց մասին»,- նշված է էջին:
Ներկայացնենք նաև «Մենք չենք կռանում երթուղայինում» խմբի նկարագրությունը` առկա խնդիրները և լուծումը.
«1. Երթուղայինում կռանալն արգելված է օրենքով: 2. Նույնիսկ ամենափոքր վթարի դեպքում զոհերի մեծ հավանականություն կա: 3. Անհարմար է հետույքով ուրիշներին հենվելը: 4. Անհարմար է մարդկանց վրա շնչելը: 5. Կռացած ուղևորվելը հարմարվողականության ամենացցուն դրսևորումներից է: 6. Եվ վերջապես, կռացած ուղևորվելը հարմարավետ չէ: Մենք փորձելու ենք աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով պարտադրել իշխանություններին բարեփոխել ՀՀ տրանսպորտային համակարգը: Հիշե՛ք, ամեն մի կռացած ուղևորից գանձված գումարը, գծատերերի միջոցով, ուղիղ մտնում է բարձրագույն իշխանավորների գրպանը»: