«Ինչով պիտի ապրի էս ժողովուրդը, մի կտոր հացի փող ենք աշխատում էս տարածքում, ինչ են ուզում մեզնից», – այսօր Վերնիսաժին հարող տարածքում` Հանրապետության փողոցից դեպի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանն ընկած հատվածում, մանր առևտուր իրականացնող մարդկանց արգելում էին աշխատել:
Առևտուր իրականացնող մարդկան խոսքերով` այդ տարածքը ինչ-որ մեկը գնել է և պատրաստվում է սրճարան կառուցել:
«Թող կոտրվի էն ձեռը, որ 5000-ով ընտրեց էդ մարդկանց, դրա դիմաց մենք երեք մատ ենք ստանում այսօր, թող բոլորն իմանան` ում ընտրեցին: Էս ի՞նչ վիճակ ա, ո՞ւր եք տանում մեզ: Մենք դիմում ենք քաղաքապետին, որ թողնի աշխատենք, մինչև երկրի վիճակը բարելավվի, թե չէ մենք ու մեր երեխաները սոված կմնան: Սա վիճակ չի: Մենք էն վիճակի ենք հասել, որ ոստիկանությանը չենք հավատում, սրիկա դատավորներին չենք հավատում, ո՞ւր եք տանում մեզ»,- Epress.am-ի հետ զրույցում իր բողոքն է հայտնել Սամվել Սիմոնյանը, ով 14 տարի շարունակ աշխատել է այդ տարածքում:
Նա պատմել է, որ իրենք երեկ կառավարության դիմաց են եղել, և ՀՀ վարչապետի ներկայացուցիչն իջել և հանդիպել է իրենց հետ` հայտնելով, որ վարչապետը որևէ կապ չունի քաղաքապետարանի հետ:
«Ասում ա` չէ, մենք քաղաքապետարանի հետ գործ չունենք, տերիտորիան քաղաքապետարանինն է, ոնց ուզում անում են», – ասել է Սիմոնյանը:
«75 տարեկան մարդ եմ, մենակ եմ ապրում, վարձով, ոտերս նայեք, անձրևին գալիս, կանգնում եմ, որ մի կտոր հաց ուտեմ, ինչ են ուզում մեզնից: Իմ տանս ապրանքն եմ ծախում, իմ ձեռիս գործիքներն եմ ծախում»,- ասել է Ստեփան Եղյազարյան անունով մի մարդ, ում աչքերը պատմելու ընթացքում արցունքներով էին լցված:
Նշենք, որ առևտրով զբաղվող մարդիկ դեռևս չէին որոշել իրենց հետագա անելիքները: