Երեկ ԱԱԾ աշխատակիցները երկու ծառայողական ավտոմեքենաներով Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Երևանի թիվ մեկ մեկուսարան են տեղափոխել 2 երիտասարդների, ովքեր նույն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբորորդիներն են: Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականը:
«Երեկ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդությամբ է դիմել է Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշված երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը: Դատարանը դռնփակ դատական նիստում, որը նախագահել է դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է միջնորդությունը: Դատարանի ողջ շենքը վերցված է եղել ուժեղացված հսկողության տակ, որը ղեկավարել է Կենտրոնի դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը, իսկ դատարանի դահլիճի դռան մոտ ուժեղացված հսկողություն կատարող կարգադրիչների խմբին ղեկավարում էր ստորաբաժանման պետի տեղակալ Ռաֆայել Ստեփանյանը: Կալանավորված երիտասարդներն են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչներ Արթուր և Արմեն Մարտիրոսյանները, ովքեր մեղադրվում են ապօրինի զենք կրելու և Գավառի բնակիչ «Կոկո»
մականվամբ Հակոբ Հովհաննիսյանի և նրա որդու` Հովսեփ Հովհաննիսյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 2009թ. նոյեմբերի 9-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Գավառի «Պարտեզ» խանութի մոտ: Արթուր և Արմեն Մարտիրոսյանները Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբորորդիներն են ինչպես նաև Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հորեղբոր որդիները: Նույն գործով կալանավորվել է նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևորագույն գործերով վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը»:
Նշենք, որ Մնացական Մարտիրոսյանը հայտնի է մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորված անձանց աղմկահարույց դատավարություններով: Մասնավորապես, նա «7-ի գործով» (մեղադրվում էին Ալեքսանդր Արզումանյան, Գրիգոր Ոսկերչյան, Սուրեն Սիրունյան, Մյասնիկ Մալխասյան, Հակոբ Հակոբյան, Շանթ Հարությունյան, Սասուն Միքաելյան) սկանդալային դատաքննության դատավորն էր, ինչպես նաև Մարտիրոսյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: